Տաթև համայնքի 12 ընտանիք արժանացան դրամաշնորհների՝ իրենց բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար
Տաթև համայնքային կենտրոնում կայացավ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության կողմից իրականացվող «Թևեր՝ ...

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Մարսելի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլայի գլխավորությամբ։
Պատվիրակությունն այցելել է «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն՝ ծանոթանալու «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության կողմից իրականացվող «Թևեր» վերականգնողական ծրագրին։ Ֆրանսիական «Սատար Արցախին» միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող եռամսյա համալիր վերականգնողական այս ծրագիրը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված երեխաների և նրանց ծնողների համար:
Այցի ընթացքում պատվիրակության անդամները շրջայց են կատարել կենտրոնում, ներկա գտնվել արտթերապիայի և դրամաթերապիայի պարապմունքներին, ինչպես նաև զրուցել «Թևեր» ծրագրի շահառու արցախցի երեխաների հետ։ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության անդամները և ֆրանսիացի պաշտոնյաները հանդիպել են նաև ծրագրի շահառու ծնողների հետ՝ հետաքրքրվել նրանց սոցիալ-հոգեբանական վիճակով։
«Ինքս էլ մասնագիտությամբ բժիշկ եմ և անչափ ազդված եմ՝ տեսնելով այն ամենը, ինչ կատարվում է այստեղ՝ երեխաներին և նրանց ընտանիքներին տրավման հաղթահարելու հարցում օգնելու համար: Պատկերացնում եմ այն զգացությունները, որ դուք հիմա ունեք, քանի որ ստիպված ու ձեր կամքին հակառակ եք լքել ձեր տունն ու հողը: Կիսում ենք ձեր մտահոգությունները և գնահատում ձեր կյանքը վերականգնելուն ուղղված ջանքերը»,-ասել է փոխքաղաքապետ Միշել Ռուբիրոլան։
2023-ին Արցախից բռնի տեղահանված 120,000 բնակչությունից 30,000-ը եղել են երեխաներ, ովքեր շրջափակման ընթացքում զրկված են եղել սննդից, դեղորայքից և կենսական նշանակության այլ միջոցներից:
«Մեր երեխաները կորցրել են իրենց տները, ընկերներին և այն ամենը, ինչ ծանոթ էր իրենց։ «Թևեր» ծրագիրը նրանց օգնում է նորից ժպտալ և երազել ապագայի մասին։ Դժվար է բառերով նկարագրել, թե ինչ ենք մենք ապրել շրջափակման և բռնի տեղահանման ընթացքում, բայց ինքերս մեզ սփոփում ենք, որ գոնե հայկական հողում ենք՝ մեր հայրենիքի այս հատվածում: Մեր երեխաների աչքերում կրկին լույս է հայտնվել, և դա ամենակարևորն է մեզ համար»,-ընդգծում է ծրագրի շահառու ծնող Սյուզաննա Բաղդասարյանը։
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ ծրագիրն արդեն իսկ շոշափելի դրական արդյունքներ է արձանագրել։
«Մեր նպատակն է ոչ միայն հոգեբանական օգնություն տրամադրել, այլև օժանդակել այս ընտանիքներին՝ իրենց նոր կյանքի հիմքերը կառուցելու գործում։ «Թևեր» ծրագիրը բազմակողմանի մոտեցում է ցուցաբերում՝ հասցեագրելով թե՛ երեխաների, թե՛ ծնողների կարիքները։ Մարսելի քաղաքապետարանի այս այցը կարևոր է մեզ համար, քանի որ այն ամրապնդում է միջազգային համայնքի հետ համագործակցությունը և ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի խնդիրները միայն Արցախի ժողովրդինը չեն։ Շնորհակալ ենք ֆրանսիայի հանրությանը՝ այս նախաձեռնությանն աջակցելու և մեր կողքին լինելու համար»։