Մեկնարկել են Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն արևային էլեկտրակայանով ապահովելու ծրագրի նախապատրաստական աշխատանքները

Մեկնարկել են Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն արևային էլեկտրակայանով ապահովելու ծրագրի նախապատրաստական աշխատանքները

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր ծրագիր, որով Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն ապահովվելու է արևային էլեկտրակայանով՝ հնարավորություն ստեղծելով բուժհաստատությանն այլընտրանքային  էներգիայի աղբյուր ունենալ՝ անկախ հոսանքազրկումից ու հովհարային անջատումներից:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել արևային հիբրիդային էլեկտրակայան, ինչը թույլ է տալու մեծացնել բժշկական կենտրոնի էներգամատակարարման համակարգի հուսալիությունը: Առաջնահերթ կարգով  էներգիայով կապահովվեն շտապօգնության, վիրահատական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները։

«Սա մեր կարևոր ենթակառուցվածքային նախագծերից է, որը կենսական նշանակություն ունի բժշկական կենտրոնի անխափան գործունեության համար: Այս ծրագիրը  նախաձեռնվել է՝ ելնելով իրավիճակից և փորձելով այլընտրանքային հուսալի աղբյուր ստեղծել Արցախի ամենախոշոր  բուժհաստատության  համար: Մենք  փորձելու ենք  ամեն ինչ անել՝  ծրագիրն իրականություն դարձնելու համար»,— ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը:

Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը նույնպես խիստ հրատապ է համարում նման ծրագրի իրականացումը: «Գիտեք, որ հունվարի 9-ից ադրբեջանական կողմը խափանել է  Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, և  մենք ստիպված ենք հույսներս  ներքին  սուղ ռեսուրսների վրա դնել: Առջևում ձմեռ է, ու պիտի  փորձենք հաղթահարելով  շրջափակման ընթացիկ դժվարությունները՝ նաև պատարաստվել ձմռանը: Եվ շնորհակալ ենք, որ այս իրավիճակում մենակ չենք»,— ասում է Մհեր Մուսայելյանը:

Ծրագիրն իրականացվելու է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի համագործակցությամբ՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության նվիրատուների աջակցությամբ:

Համագործակցող կազմակերպություններ