ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԽՄԿ-Ի ԱՆՀԱՊԱՂ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԽՄԿ-Ի ԱՆՀԱՊԱՂ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Այսօր՝ մարտի 3-ին, Կարմիր խաչի երևանյան գրասենյակի մոտ տեղի ունեցավ ակցիա, որի նպատակն էր պահանջ ներկայացնել ԿԽՄԿ-ին անհապաղ այցելել արդեն 14 օր հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին, որի կյանքին վտանգ է սպառնում:

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության և «Արցախ» միության նախաձեռնությամբ տեղի ունեցած ակցիայի ընթացքում պաշտոնապես ԿԽՄԿ երևանյան գրասենյակին հանձնվեց Բաց նամակ՝ ուղղված ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին։ Նամակին միացել է շուրջ 40 հասարակական կազմակերպություն։

Բաց նամակում մասնավորապես նշվում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված լուսանկարներում Ռուբեն Վարդանյանի դեմքին տեսանելի են վնասվածքներ և խոշտանգումների բացահայտ հետքեր։

Նամակում ընդգծվում է ԿԽՄԿ-ի առանձնահատուկ դերը՝ գերիների իրավունքների պաշտպանության և խոշտանգումների կանխման գործում. «ԿԽՄԿ-ն ունի բացառիկ մանդատ բանտարկյալների պաշտպանության ոլորտում։ Հետևաբար, Ձեր միջամտությունն այս իրավիճակում ոչ միայն արդարացված է, այլև անհրաժեշտ։ Ձեր դերը հատկապես կարևոր է քաղաքական շարժառիթներով դատվող բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի մշտադիտարկման և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների կանխարգելման գործում, ինչը Ժնևի կոնվենցիաների հիմնարար սկզբունքն է։ Հավատացած ենք, որ այս հարցը կդիտարկվի որպես հրատապ խնդիր, և անհապաղ գործողություններ կձեռնարկվեն՝ կանխելու հնարավոր ողբերգական հետևանքները»։ 

Ակցիայի ընթացքում «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանը հայտարարեց, որ Բաքվում կեղծ ու ապօրինի կերպով դատապարտվող մեր հայրենակիցները, առերեսվում են տեսանելի ու անտեսանելի դաժան զրկանքների՝ զուտ հայ լինելու և իրենց ժողովրդի ազատություններն ու իրավունքները պաշտպանելու համար։ Նա ընդգծեց, որ «հրատապ խնդիրներից մեկը Ռուբեն Վարդանյանի կյանքի փրկությունն է՝ հացադուլի դադարեցման և դրա պատճառների վերացման միջոցով»:

«Իհարկե, այստեղ գլխավոր անելիքը ՀՀ պետական ինստիտուտներինն է, սակայն մեր հանրային խոսքն ու գործողությունները կարևոր նշանակություն ունեն թե՛ տեղական և թե՛ միջազգային դերակատարների վրա ճնշում գործադրելու հարցում, որը կարող է աստիճանաբար վերածվել Ալիևի հանդեպ ճնշման»,-նշեց Բեգլարյանը:

Հասարակական կազմակերպությունները ԿԽՄԿ-ին կոչ են արել՝

  1. Անհապաղ այցելել Ռուբեն Վարդանյանին՝ անկախ բժշկական գնահատում իրականացնելու նպատակով:
  2. Ապահովել նրա առողջական վիճակի անկողմնակալ մշտադիտարկումը
  3. Հասցեագրել Ռուբեն Վարդանյանի հացադուլի պատճառները և միջնորդել՝ ապահովելու նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
  4. Ներկայացնել անկողմնակալ զեկույց հայ գերիների կալանքի պայմանների վերաբերյալ:
  5. Անհապաղ միջոցներ ձեռնարկել հացադուլի դադարեցման ուղղությամբ՝ միաժամանակ հասցեագրելով դրա հիմքում ընկած մտահոգությունները, որոնք հանգեցրել են այս ծայրահեղ քայլին։
  6. Կանոնավոր այցելություններ իրականացնել բոլոր հայ գերիներին, որոնք պահվում են ադրբեջանական բանտերում:
  7. Գործել որպես անկախ միջնորդ հայ գերիների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ապահովելու միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը և պաշտպանելու նրանց անհապաղ ազատ արձակումը։

Համագործակցող կազմակերպություններ