Միջազգային հանրությունը Արցախի շրջափակման հետեւնքների մասին  չափելի ցուցանիշներ պետք է ունենա. ներկայացվել է Արցախի տնտեսության կորուստների մասին զեկույցը

Միջազգային հանրությունը Արցախի շրջափակման հետեւնքների մասին չափելի ցուցանիշներ պետք է ունենա. ներկայացվել է Արցախի տնտեսության կորուստների մասին զեկույցը

«Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները» գնահատման զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ընդհանուր ֆինանսատնտեսական կորուստներն Արցախի համար կազմում են օրական առնվազն 753 մլն դրամ (1.9 մլն ԱՄՆ դոլար): Զեկույցը  պատրաստվել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խմբի կողմից՝ Արցախի Հանրապետության կառավարության և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատվերով:

Այսօր Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, զեկույցի մասնագիտական խմբի ղեկավար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը և խմբի անդամ, «Մենք ենք մեր սարերը» գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողներին են ներկայացրել փաստաթուղթը և խոսել դրա նշանակության մասին: Ռուբեն Վարդանյանն ու Գրիգորի Մարտիրոսյանը Ստեփանակերտից միացել են տեսակամրջի միջոցով:

Ողջունելով Երևանում զեկույցի քննարկումը՝  Գրիգորի Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ լրագրողների կողմից հանրության լայն շրջանակներին կներկայացվեն  ոչ միայն թվերը, այլև այն իրողությունը, որն այդ թվերի հետևում է։  «Արդեն 108 օր է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, եւ շրջափակումն իսկապես Արցախի տնտեսության բոլոր ոլորտների վրա, առանց բացառության, թողել է բացասական հետեւանքներ։ Այդ ազդեցությունը կարելի է քայքայիչ անվանել, եւ շատ դժվար կլինի ապագայում վերականգնել Արցախի տնտեսությունը: Այս զեկույցը մասնագիտական փաստաթուղթ է եւ արժեքավոր է նրանով, որ հստակ մեթոդաբանությամբ, մասնագիտական հաշվարկների, գնահատականների միջոցով ներկայացնում է, թե ինչ չափով է վնաս կրել Արցախի տնտեսությունը»,-նշել է Գրիգորի Մարտիրոսյանը։

Զեկույցի մասնագիտական խմբի ղեկավար Վարդան Արամյանի խոսքով՝ փաստաթուղթն ուղղված է ամբողջ աշխարհին, քանի որ շրջափակման, հումանիտար ճգնաժամի մասին խոսելիս աշխարհին, միջազգային  հանրությանը նաև «չափողական» ցուցանիշներ պետք է ներկայացվեն: «Մենք այս փաստաթղթով փորձել ենք այդ հարցի պատասխանը տալ. կոնկրետ, առարկայական ներկայացնել, որպեսզի բոլոր այն մարդիկ, որոնք արցախցու ճակատագրով մտահոգ են, փորձում են միջազգային հանրության համար կամ այլ տեղերում ներկայացնել խնդիրը, ունենան մասնագիտական հաշվարկ։ Սա նաեւ պատասխան է Ադրբեջանին, քանի որ եթե փորձեն հերքել իրողությունները, ստիպված են լինելու բացատրել, թե արձանագրված թվերից որ մեկի հետ համաձայն չեն»,-ընդգծել է Վարդան Արամյանը։

Նա նշել է, որ զեկույցում գնահատվել են ՀՆԱ-ի կորուստները, սոցիալական լրացուցիչ ծախսերն ու բյուջեի հարկերի կորուստները, ինչը թույլ է տվել համապարփակ պատկերացում կազմել շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների և ստեղծված ճգնաժամի պայմաններում ֆինանսական կորուստների վերաբերյալ։ Ակնհայտ է, որ որքան երկար տևի շրջափակումը, այնքան հասցված վնասի ցուցանիշներն աճելու են, քանի որ շրջափակման յուրաքանչյուր լրացուցիչ օր ավելի մեծ հարված է հասցնում Արցախի տնտեսական պոտենցիալին, հետևապես, գնահատված ծախսերին և դրանց մուլտիպլիկատիվ էֆեկտներին ավելանում են ՀՆԱ պոտենցիալի վերականգնման ծախսերը:

Ցնցումներից խուսափելու համար կարևորվել է  անհրաժեշտ բուֆերների ստեղծումը, մասնավորապես՝ էներգիայի լրացուցիչ, այլընտրանքային աղբյուրների ստեղծում, առաջին անհրաժեշտության պարենային պաշարների, վառելիքային պաշարների, առաջին անհրաժեշտության դեղորայքային պաշարների ձևավորում և այս ամենի պահուստավորման համար նոր ենթակառուցվածքների ապահովում:

Զեկույցի պատվիրատու, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը  նշել է, որ շրջափակման առաջին օրվանից փորձ էր արվում ոչ միայն օպերատիվ արձագանքել խնդիրներին, այլ նաև հասկանալ իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում: «Հետեւողական աշխատանք էր պահանջվում աշխարհին ներկայացնելու համար, որ դա ոչ միայն սննդի կամ էլեկտրաէներգիայի խնդիր է, այլ հասարակության, պետության ապագայի հետ կապված խորքային ճգնաժամ: Այս աշխատանքն առաջին քայլն է շատ կարեւոր քննարկումների ուղղությամբ, որոնք, ցավոք, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում շատ քիչ են ծավալվում եւ բավարար չեն, մինչդեռ իրավիճակի թափանցիկ, ճշգրիտ ախտորոշումն ու վերլուծությունը շատ կարեւոր է մեր առջեւ ծառացած սուր հարցերի պատասխանները գտնելու համար: Առանց նման աշխատանքի մենք չենք կարող արդյունավետ լուծումներ գտնել մեր առջեւ ծառացած մարտահրավերների համար»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը: