Շրջափակման պայմաններում արցախցի երիտասարդներն առաջին անգամ հնարավորություն կունենան մասնակցելու CaseKey բիզնես մրցույթին
Արցախցի 30 երիտասարդ այս տարի հնարավորություն կունենա մասնակցելու CaseKey բիզնես խնդիրների լուծման ...
Տաթևի վանքի շրջակայքում մեկնարկել են նոր պտղատու այգու հիմնման աշխատանքները: Այգու ստեղծման բարեգործական ծրագիրն իրականացնում է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը՝ նրա գործընկերների, համախոհների, բազմաթիվ անձանց մասնակցությամբ ու աջակցությամբ: Բացի մրգատու ծառերից, այգում տնկվելու է նաև սոսի՝ Կենաց ծառ՝ որպես մեր ժողովրդի հավատի, հույսի և հարատևության խորհրդանիշ:
«Այսօր, երբ մեր գործակալության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, ավելի քան կարևոր է նրա գործի շարունակությունն ու գաղափարների իրագործումը: Այգի հիմնելը Վարդանյանի համար միշտ եղել է բարիք ստեղծելու, նոր սկզբի խորհրդանիշ, այդ իսկ պատճառով նախաձեռնվեց այս ծրագիրը: Մենք կարևոր ենք համարում լայն մասնակցությունը, քանի որ սա ոչ միայն այգի հիմնելու ու ծառ տնկելու մասին է, այլև մեր յուրաքանչյուրիս զորակցությունը հայտնելու Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին և մեր բոլոր մյուս հայրենակիցներին»,-ասում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գործադիր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը:
Պտղատու ծառերի տունկը շարունակվելու է ողջ ապրիլ ամսվա ընթացքում: Ծրագրին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել իրենց անվանական ծառը` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը: Մասնակիցները կարող են ներկա գտնվել նաև մայիսին կայանալիք այգու բացման արարողությանը, որի ժամանակ էլ տնկվելու է սոսին՝ Կենաց ծառը:
Այգին ոռոգվելու է կաթիլային եղանակով և պահպանվելու է տեղի բնակիչների ներգրավմամբ: Ծրագրի իրագործման ընթացքում գոյացած միջոցներն ուղղվելու են Տաթև համայնքի զարգացմանը։