Մերիի բիզնես գաղափարը ծնվել է համայնքի իրական խնդրից՝ Տաթևում թարմ և քիմիկատներից զերծ բանջարեղենի պակասից։
«Թեպետ թե՛ կանաչի, թե՛ բանջարեղեն Երևանից ներմուծողները շատ էին, բայց համի, թարմության խնդիր կար» -պատմում է Մերին։
Հենց այսպես առաջացավ ջերմատուն ստեղծելու միտքը, որը տեղական, մաքուր արտադրանք կառաջարկեր ոչ միայն գյուղին, այլև հարակից բնակավայրերին։
Սկզբը հեշտ չէր․ ունեին կիսակառույց ջերմատուն, ժամանակավոր ծածկ, ջեռուցման խնդիրներ։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում իրենց արտադրանքը համի շնորհիվ սկսեց ճանաչում ձեռք բերել ու պահանջարկ վայելել նաև հարակից գյուղերում ու քաղաքներում։
«Երբ արտադրանքը տանում էինք Գորիսի շուկա անգամ վերավաճառողներն էին խոսում մեր կանաչեղենի համից»,-հիշում է Մերին։
Համացանցից տեղեկանալով «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության՝ «Թևեր՝ բոլորին» ծրագրի մասին, որոշեց մասնակցել։
Ծրագրին մասնակցությունն ամեն ինչ փոխեց։ 6 ամիսների ընթացքում Մերին ու իր ընտանիքը «Իննոբիզ» ՀԿ-ի մասնագետների օգնությամբ ոչ միայն զարգացրին գաղափարը, այլ վերափոխեցին իրենց բիզնես մտածողությունը։
«Մինչ ծրագիրը, թվում էր, թե ամեն ինչ գիտենք… բայց դասընթացի ընթացքում պարզվեց, որ շատ բան պետք է սովորեինք»,— խոստովանում է նա։
Մենթորների աջակցությամբ Մերին ձևավորվեց մրցունակ բիզնես մոդել՝ հիմնված շուկայի ուսումնասիրության, հաշվարկների և կայուն զարգացման վրա։
«Թևեր՝ բոլորին» ծրագրից շահած դրամաշնորհով լուծվելու են արտադրական հիմնական խնդիրները՝ ջերմատան ամուր ծածկ և ջեռուցում։
«Եթե նախկինում շատ հեշտ էի պատկերացնում այս գործը՝ մտածելով, որ կարելի է պարզապես սերմը գցել հողը ու ստանալ բերք, ծրագրի ընթացքում հասկացա, որ ամեն ինչը պետք է մանրամասն հաշվարկվի և ճիշտ կառավարվի»,-ասում է ձեռնարկատերը։
Առաջիկայում Մերին նախատեսում է ջերմատունը հագեցնել նորարարական լուծումներով՝ ինչպես օրինակ հիդրոպոնիկ համակարգն է և սկսել նոր մշակաբույսերի՝ անգամ «հայկական լիմոնի» արտադրություն։
«Հիմա ոգևորությունս շատ մեծ է»,— ասում է Մերին՝ վստահ, որ սա արդեն պարզապես փորձ չէ, այլ կայուն ընտանեկան բիզնեսի սկիզբ։
Այս ներդրումը ստեղծում է բազմակի ազդեցություն՝
✔ տեղական արտադրություն
✔ նոր աշխատատեղերի ստեղծում
✔ համայնքի համար մատչելի և որակյալ սնունդ
✔ երկարաժամկետ կայուն բիզնես
Ծրագիրն իրականացվել է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհային ծրագրով։
Մերիի և ևս 7 շահառուների դրամաշնորհները տրամադրվել են ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ։
Ծրագիրն իրականացնում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը՝ Իննոբիզ ՀԿ-ի և Տաթև համայնքային կենտրոնի հետ համագործակվությամբ։
Աջակցելով տեղական ձեռներեցությանը՝ ամրապնդում ենք համայնքների դիմակայունությունը և ձևավորում կայուն զարգացում։
Աջակցե՛ք գաղափարներին, որոնք իրական ազդեցություն են ստեղծում համայնքներում։