Եվս 46 բռնի տեղահանված արցախցի «Թևեր» ստացավ
Դիլիջանում ավարտվեց Մենք ենք մեր սարերը զարգացման գործակալության նախաձեռնած եռամսյա «Թևեր» վերականգնողական ...
Արցախի լիակատար պաշարման պայմաններում «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնել և արդեն սկսել է Արցախի բնակչության առաջնահերթ կենսական կարիքների լուծմանն ուղղված հրատապ ծրագրեր իրականացնել:
Հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով հումանիտար բեռնափոխադրումների լիակատար արգելափալումը ծանր իրավիճակ է ստեղծել Արցախում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ գործակալությունը, համագործակցելով «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հետ, մի շարք ծրագրեր է նախաձեռնել:
«Ընտրվել են այնպիսի ծրագրեր, որոնք հնարավոր է իրականացնել հենց Արցախում՝ տեղական ռեսուրսներով, քանի որ այս պահին դեպի Արցախ որևէ բեռնափոխադրում չի իրականացվում: Մեր բոլոր այն ծրագրերը, որոնք կապված էին փոխադրումների հետ, այս պահին սառեցված են: Ստեղծված իրավիճակում խնդիրները բազմաթիվ են ու, բնականաբար, մեր գործակալությունը չի կարող ձեռքերը ծալած նստել: Ընդհակառակը՝ մենք որոշել ենք բազմապատկել մեր ջանքերը, և ցույց տալ, որ անգամ այսպիսի իրավիճակներում մեր ուժերով շատ բանի կարող ենք հասնել»,— ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը:
Ծրագրերից մի քանիսն արդեն մեկնարկել են, մյուսները գտնվում են նախապատրաստական փուլում:
Էլեկտրամոբիլով հղիների և հիվանդների՝ հիվանդանոց տեղափոխման ծրագիր: Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 27-ին, և ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ հարակից գյուղերից արդեն շուրջ 200 հղի կին և հիվանդ է տեղափոխվել հիվանդանոցներ: Լիակատար պաշարման հետևանքով բենզինի ու դիզվառելիքի բացակայությունը բնակչության տեղաշարժի լուրջ դժվարություն է առաջացրել: Այս իրավիճակում հղի կանանց ու առողջական խնդիրներ ունեցողներին ժամանակին հիվանդանոց տեղափոխելը կենսական կարևորություն ունի:
Թիթեղյա վառարանների տրամադրում սոցիալապես անապահով խմբերին: Այս ծրագիրը նույնպես արդեն մեկնարկել է և ենթադրում է վառելափայտի համար նախատեսված թիթեղյա վառարանների պատրաստում և տրամադրում անապահով խմբերին: Անցած ձմռանը ևս «Մենք ենք մեր սարեր» գործակալությունը նման ծրագիր է իրականացրել՝ հաշվի առնելով այն, որ հոսանքազրկման և գազազրկման պայմաններում այդպիսի վառարանները բնակչության համար առաջնային նշանակություն են ստանում:
«Հակոբավանք վանական համալիրի վերածնունդ» ծրագիր: Այն ուղղված է պատմամշակութային ժառանգության պահպանմանը: 7-րդ դարի վանական համալիրի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի սոցիալական և կրթական ենթակառուցվածքների վերանորոգում: Գյուղը գտնվում է Հակոբավանքի հարևանությամբ: Ծրագրով նախատեսվում է վերանորոգել Քոլատակ գյուղի դպրոցը և համայնքային ենթակայության մի քանի տիրազուրկ տներ՝ կարիքավոր ընտանիքների տրամադրելու համար:
Ամառային ճամբարների կազմակերպման ծրագիր: Այս ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել ինչպես «Մունք» տեխնոդպրոցի ճամբարի, երեխաների համար բակային ճամբարների կազմակերպմանը, այնպես էլ ուսումնամարզական պարապմունքներ և մրցույթների անցկացմանը:
Սոցիալական ճաշարանի ծրագիր: Այն գտնվում է նախապատրաստական փուլում և մեկնարկելու է առաջիկա օրերին: Լիակատար պաշարման այս օրերին, երբ հատկապես բնակչության խոցելի խմբերը հայտվել են սնունդ հայթայթելու մեծագույն դժվարության առջև, այս ծրագիրը հրատապ կարևորություն ունի:
Ձիակառքերով բեռնափոխադրումների իրականացում: Բենզինի ու դիզվառելիքի բացակայության հետևանքով կտրվել է գյուղից քաղաք, քաղաքից գյուղ կապը: Այս իրավիճակում կենսական է ձիակառքերի միջոցով բեռնափոխադրումների իրականացումը: Ծրագիրը դեռևս գտնվում է նախապատրաստական փուլում և կմեկնարկի առաջիկայում:
«Մենք ենք մեր սարերը» գործակալության թիմը շարունակելու է նախաձեռնել և գործակալության նվիրատուների աջակցությամբ իրականացնել նոր ծրագրեր, որոնք ուղղված են շուրջ ութ ամիս ադրբեջանական շրջափակման, իսկ հունիսի 15-ից՝ լիակատար պաշարման մեջ ապրող արցախահայության բազմաթիվ խնդիրների մեղմմանը: