«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շուրջ 200 տոննա չոր սնունդ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին հատկացնելու նպատակով
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը շուրջ 200 տոննա բարձր սննդային արժեք ունեցող չոր ...
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը մեկնարկում է «Աջակցություն արցախցի վարպետներին» ծրագիրը՝ նպատակ ունենալով աշխատանքի և զբաղվածության հարցում աջակցել Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած արհեստավորներին և նրանց, ովքեր ցանկանում են նոր արհեստ սովորել:
Ծրագիրն ունենալու է երկու բաղադրիչ. առաջինը՝ ուսուցման և վերապատրաստման կազմակերպում այն անձանց համար, որոնք ցանկանում են մասնագիտանալ նոր արհեստում կամ հմտանալ արդեն ունեցած մասնագիտության մեջ և երկրորդը՝ աջակցություն վարպետներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ աշխատանքային գործիքներ:
«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ամենահրատապ ու կենսական հարցերից մեկը զբաղվածության խնդիրն է: Շատերը չեն կարողանում աշխատել, քանի որ Արցախում են թողել իրենց գործիքներն ու սարքավորումները: Այս ծրագիրն ուղղված է ինչ-որ չափով այդ խնդիրը մեղմելուն: Մեր գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը մշտապես գնահատել է վարպետների աշխատանքը, և անցած տարի հենց նրա նախաձեռնությամբ էր իրականացվում «Հայաստանի վարպետ» նախագիծը:
Վարպետներին ու իրենց մասնագիտության մեջ հմտանալ ցանկացողերին խրախուսելը մեզ համար նույնպես կարևոր ուղղություն է»,-ասում է գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը:
Նոյեմբերի 28-ից մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը: Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել հայտը՝ հետևյալ հղումով: Հայտերի ընդունումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 5-ը:
Հայտերի ուսումնասիրության արդյունքները հիմք կդառնան մասնագիտական ուսուցման ուղղությունների ընտրության եւ վարպետների աջակցության կազմակերպման համար: