Տաթևի վանքի հարակից տարածքում բացվեց պտղատու նոր այգի
Տաթևի վանք համահայկական ուխտագնացության շրջանակներում այսօր տեղի է ունեցել պտղատու նոր այգու բացման ...
Կարևորելով Ռուբեն Վարդանյանի նախագծերի և նրա բարեգործական առաքելության շարունակականությունը՝ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը` համագործակցելով գործընկեր կազմակերպությունների հետ, սկսում է Տաթևում նոր պտղատու այգու հիմնման բարեգործական նախաձեռնությունը։ Ծառատունկն ու կանաչ գոտու ստեղծումն իրականացվում է Տաթևի վանքին և «ՏաԹևեր» ճոպանուղուն հարակից տարածքում:
Այգին կդառնա կյանքի և նոր սկզբի, իր ժողովրդի ու հայրենիքի բարգավաճման գործում Ռուբեն Վարդանյանի ունեցած ավանդի խորհրդանիշ, իսկ յուրաքանչուր ծառ կարտահայտի նախագծի մասնակիցների զորակցությունը Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում ապօրինի պահվող մեր մյուս հայրենակիցներին:
Նոր այգում նախատեսվում է տնկել 1 000 ծառ, այդ թվում՝ խնձորենի, տանձենի, կեռասենի և սալորենի:
Ծառատունկը մեկնարկել է ապրիլի 7-ին և շարունակվելու է ապրիլ ամսվա ընթացքում, իսկ մայիսի 25-ին տեղի կունենա այգու բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման շրջանակում կտնկվի խորհրդանշական «Կենաց ծառը»՝ սոսին (չինար, տնջրի) որը հայերի համար սրբազան ծառ է և խորհրդանշում է տոկունություն, գթասրտություն, վեհանձնություն ու երկարակեցություն և որի հետ կապված հայոց պատմության մեջ շատ ավանդույթներ կան։
«Կենաց ծառ» նախաձեռնությունը յուրատեսակ վերադարձ է ակունքներին, ազգային ավանդույթներին՝ այնտեղից վերածննդի համար անհրաժեշտ ուժ, եռանդ ու հույս քաղելու համար։ Միջոցառման առանցքային տարր է ուխտագնացությունը դեպի հայության հոգեւորության, տոկունության և դիմադրության պատմական խորհրդանիշ հանդիսացող Տաթևի վանք:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակիցներին, ովքեր միացան այս նախաձեռնությանը:
Այգին ոռոգվելու է կաթիլային եղանակով և պահպանվելու է «ՏաԹևեր» ճոպանուղու թիմի ջանքերով՝ տեղի բնակիչների ներգրավմամբ։ Հետագայում, այգու ծառերի բերքի օգտագործմամբ, նախատեսվում է հիմնել սոցիալական ուղղվածության փոքր արտադրություն։