Էլեկտրաէներգիայի պահուստային աղբյուրի ստեղծում՝ Հանրապետական բժշկական կենտրոնի (ՀԲԿ) համար, ՀԲԿ-ի կարիքների համար էլեկտրաէներգիայի արտադրություն՝ անկախ ցանցում էլեկտրաէներգիայի առկայությունից, էլեկտրաէներգիայի կուտակում՝ ոչ արևային ժամերի համար։
Արցախի շարունակվող էներգետիկ շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության համար կարևորագույն մի շարք օբյեկտներ անպայման պետք է ունենան էլեկտրաէներգիայի պահուստային աղբյուրներ։ Դրանցից առաջնայինը Հանրապետական բժշկական կենտրոնն է՝ Արցախի հիմնական բժշկական հաստատությունը, որը ներառում է հիվանդանոցային բաժանմունքը, պոլիկլինիկական բաժանմունքը, ուռուցքաբանական ծառայությունը, ինչպես նաև շինարարության ավարտից հետո՝ «Մոր և մանկան առողջության կենտրոնը»։
Նախագիծը նախատեսում է մեծացնել բժշկական կենտրոնի էներգամատակարարման համակարգի հուսալիությունը՝ երկու փուլով արևային էլեկտրակայան ստեղծելու միջոցով:
Նպատակներ
- ՀԲԿ-ի համար ստեղծել 517 կՎտ դրվածքային հզորությամբ արևային հիբրիդային էլեկտրակայան (առաջին փուլում՝ 312 կՎտ և երկրորդ փուլում՝ 205 կՎտ)՝ արևային վահանակների քանակի ավելացման հնարավորությամբ։
- Արևային էլեկտրակայանի ստեղծման արդեն առաջին փուլում ապահովել շտապօգնության, վիրահատական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները՝ տեղադրելով էլեկտրաէներգիայի պահեստավորման համար նախատեսվող հինգ կայանքներից երեքը (յուրաքանչյուրը 100 կՎտ)։
- Տեղադրել 1075 կՎտ*ժ (645 կՎտ*ժ և 430 կՎտ*ժ) տարողությամբ լիթիում-իոնային մարտկոցներ՝ ոչ արևային ժամերին էլեկտրաէներգիա ապահովելու համար։
- Ապահովել ՀԲԿ-ն էլեկտրաէներգիայով՝ ցանցում էլեկտրականության բացակայության դեպքում՝ մինչև 2,5 ժամ առավելագույն ծանրաբեռնվածության և մինչև 12 ժամ կենսական նշանակության բաժանմունքների աշխատանքի դեպքում։
- Ապահովել էլեկտրաէներգիայի սպառման ֆինանսական տնտեսում՝ կապիտալ ներդրումների ծավալի տարեկան մինչև 24 տոկոսի չափով։
- Մեծացնել Արցախի առողջապահական համակարգի էներգետիկ անվտանգությունը։
Շահառուները
- Քանի որ ՀԲԿ-ն սպասարկում է Արցախի ամբողջ չափահաս բնակչությանը, ծրագրի անմիջական շահառուն կլինի մոտ 90 000 մարդ։
Կայունություն
- Արևային մարտկոցների օգտագործումը 30 տարվա ընթացքում, որից 12-ը՝ արտադրողի երաշխիքով։
- Կուտակիչների օգտագործումը՝ 8000 ցիկլերի ընթացքում կամ 15 տարի արտադրողի երաշխիքով։
- Ստեղծված արևային էլեկտրակայանը հնարավորություն կունենա հզորությունն ընդլայնելու մինչև 40 տոկոս։
- Սարքավորումը կփոխանցվի Հանրապետական բժշկական կենտրոնին՝ կապալառուի կողմից տրված 1 տարվա երաշխիքով, իսկ հետագա շահագործումն ու սպասարկումը կիրականացվի բժշկական կենտրոնի ինժեներական ծառայության կողմից։
* Նախագծի իրականացման ժամկետը կախված է փոխադրումների հնարավորությունից, այդ թվում՝ Կարմիր խաչի ընկերության և/կամ մարդասիրական այլ դերակատարների աջակցությամբ: