Ճանաչիր Քեզ։ Կազմիր երթուղիդ։ Նշիր ապագայի կոորդինատները։ Վերցու ղեկը ձեռքդ։
«Կարիերայի նավիգատոր»-ը յոթօրյա մասնագիտական կողմնորոշման ծրագիր է, մշակված «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության և դեռահասների համար նախատեսված «Սուպերհերոսների դպրոց» կրթական հարթակի կողմից՝ Արցախի այն ավագ դասարանցիների համար, ովքեր հայտնվել են նոր կենսական պայմաններում՝ 2023թ. սեպտեմբերի բռնի տեղահանումից հետո։
Ծրագիրը նախատեսված է 9-12-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր կանգնած են կարեւոր ընտրության առջև՝ որոշել ապագա մասնագիտությունն ու կրթական ուղին բիզնես ոլորտում։
«Կարիերայի նավիգատոր»-ը հնարավորություն կտա արդեն հոգեբանական վերականգնման առաջին փուլն անցած մասնակիցներին՝ գիտակցված մոտեցում ցուցաբերել մասնագիտության ընտրության հարցում, ընդլայնել պատկերացումները ժամանակակից բիզնես մասնագիտությունների մասին, զարգացնել ինքնաճանաչման, ապագայի պլանավորման և ֆինանսների կառավարման հմտություններ։
Ծրագրի արդիականությունը
Արցախը լքած դեռահասների համար մասնագիտական ուղու ընտրությունը ուղեկցվում է մի շարք դժվարություններով․
- Ժամանակակից մասնագիտությունների և կրթական հնարավորությունների մասին տեղեկատվության սահմանափակ հասանելիություն
- Անհրաժեշտ հմտությունների բացակայություն՝ մասնագիտությունների վերաբերյալ ինֆորմացիա ինքնուրույն գտնելու և վերլուծելու համար
- Կարիերայի հաջողակ օրինակների բացակայություն նոր միջավայրում
- Հոգեբանական ապակողմնորոշում՝ պայմանավորված հարկադիր տեղահանությամբ և մշակութային, կրթական համատեքստի փոփոխությամբ
«Կարիերայի նավիգատոր»-ը նպատակ ունի լրացնել այդ բացը՝ բացելով լայն հնարավորությունների շրջանակ դեռահասների առջև, որոնց մասին նրանք գուցե նախկինում չգիտեին։
Ծրագրի նպատակները
- Օգնել մասնակիցներին հասկանալ իրենց հետաքրքրությունները, նախասիրություններն ու ուժեղ կողմերը
- Ծանոթացնել ժամանակակից աշխատաշուկային, պահանջված մասնագիտություններին և բիզնես ոլորտում նոր ուղիներին
- Զարգացնել գիտակցված որոշումների ընդունման, պլանավորման և ինքնավերլուծության հմտություններ
- Զարգացնել ֆինանսների ճիշտ կառավարման առաջին հմտությունները
- Աջակցել կրթական և կարիերային անհատական երթուղու ձևավորման գործում
- Բարձրացնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և ձևավորել մոտիվացիա ուսումնառության և զարգացման համար:
Ծրագրի կառուցվածքը
- Առցանց ինտենսիվ (6 ժամ). մասնակիցները կսովորեն արդյունավետ կառավարել իրենց առաջին ֆինանսները, կծանոթանան բյուջետավորման ու խնայողությունների մեթոդներին, կսովորեն օգտվել բանկային քարտերից, առցանց վճարային համակարգերից և կսովորեն՝ երբ է նպատակահարմար վերցնել վարկ։
- Դասընթաց (8 ժամ`). ֆինանսական պատրաստվածությունից հետո մասնակիցները կանցնեն կարիերայի ոլորտի խորքային ուսումնասիրություն։ Առաջին օրը կօգնի բացահայտել ուժեղ կողմերը, իսկ երկրորդ օրը՝ դիտարկել իրենց կարիերան տարբեր տեսանկյուններից, օրինակ՝ ոլորտ, միտումներ, մասնագիտություն։ Վերջում մասնակիցները կձևավորեն վարկածներ՝ որտեղ և ինչ պաշտոնում կցանկանային աշխատել։
- Այցելություններ ընտրված ընկերություններ. մասնակիցներին կառաջարկվի մի քանի կազմակերպություն` այցելելու համար։ Ընկերությունների ներկայացուցիչների հետ շփումը կօգնի հասկանալ, թե ինչ կարելի է ակնկալել ապագայում և որ ուղղությամբ սովորել՝ առաջին քայլը կատարելու համար։
- Եզրափակիչ պանելային քննարկում և անհատական խորհրդատվություններ մենթորների հետ
Ակնկալվող արդյունքները
- Մասնակիցների շրջանում մասնագիտության ընտրության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում
- Անհատական կարիերային ուղիների մշակման ունակությունների զարգացում
- Ժամանակակից մասնագիտությունների և կրթական հնարավորությունների շրջանակի ընդլայնում
- Ֆինանսական գրագիտության հիմնական հասկացությունների ըմբռնում
- Ֆինանսների գրագետ կառավարման հմտությունների ձեռքբերում
- Վստահության աճ սեփական ուժերի և հեռանկարի նկատմամբ
- Արցախցի դեռահասների ինտեգրման ամրապնդում Հայաստանի կրթական և մասնագիտական դաշտում
Շահառուներ
180 դեռահաս՝ 9–12-րդ դասարանների աշակերտներ, որոնք գտնվում են Հայաստանում՝ Արցախից բռնի տեղահանումից հետո և ունեն մասնագիտական կողմնորոշման և կրթական ընտրության դժվարություններ։
Կայունություն
«Կարիերայի նավիգատոր»-ը պարզապես մասնագիտական կողմնորոշման դասընթաց չէ։ Սա աջակցող համակարգ է դեռահասների համար՝ կյանքի բարդ փուլում։ Ծրագիրը կառուցված է՝ հաշվի առնելով նոր սոցիալական և մշակութային միջավայրում հայտնված դեռահասների առանձնահատկությունները և կարիքները։ Այն հնարավորություն է տալիս ոչ միայն բացահայտել մասնագիտությունների աշխարհը, այլև գտնել սեփական տեղը այդ աշխարհում։