ՆՈՐ ՇՈՒԿԱ ՏԱԹԵՎՈՒՄ

ՆՈՐ ՇՈՒԿԱ ՏԱԹԵՎՈՒՄ

Տաթև համայնքում գյուղատնտեսական, հուշանվերների և արհեստագործական ապրանքների շուկայի ստեղծում

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի զարգացմանը՝ այնտեղ ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ։

Հատկանշական տեղական շուկաները մեծ պահանջարկ են վայելում զբոսաշրջիկների շրջանում ամբողջ աշխարհում:

«ՏաԹևեր» ճոպանուղին (աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում, «Աշխարհի լավագույն ճոպանուղին»՝ ըստ World Travel Award 2021 և 2023 թվականների) ամեն տարի այցելում են հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ, ուստի ծրագրի շրջանակներում «Տաթև» կայարանի մոտ նախատեսվում է կառուցել տեղական արտադրանքի շուկա՝ շարունակելով զբոսաշրջիկներին սպասարկելու արժեշղթան։

Ստեղծվող շուկան կդառնա մանրածախ առևտրի և ժամանցի կենտրոն՝ ապահովելով 20-25 նոր տաղավար տեղական արտադրողների, արհեստավորների և առևտրականների համար, ինչը կնպաստի համայնքի տնտեսական հնարավորությունների բարելավմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Շուկան կարող է դառնալ թարմ գյուղատնտեսական արտադրանքի, հուշանվերների և ձեռագործ իրերի, զվարճանքի և թեթև սննդի, ինչպես նաև համայնքային միջոցառումների անցկացման վայր՝ ավելի մեծացնելով գրավչությունը զբոսաշրջիկների համար:

Գործունեության առաջին տարում Տաթև համայնքի անդամներին, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված մարդկանց մանրածախ վաճառքի կետերի տրամադրումն անվճար է լինելու։ Շուկայի հետագա գործունեությունը կիրականացվի սոցիալական ձեռներեցության սկզբունքների հիման վրա, իսկ ստացված շահույթը կուղղվի համայնքի զարգացմանը։

Ծրագիրը կարևոր քայլ է Տաթևում պտղատու այգու ստեղծման՝ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Կենաց ծառ» բարեգործական նախաձեռնության շարունակման գործում։

 

ԽՆԴԻՐՆԵՐ

  • Արժեշղթայի շարունակություն. Գրավիչ և ֆունկցիոնալ տարածքի ստեղծումը զբոսաշրջիկներին հնարավորություն կտա, բացի Տաթևի հոյակապ վանք այցելելուց, լրացնել և բազմազանեցնել իրենց ժամանցը ճոպանուղու Տաթևի կողմում:
  • Ձեռնարկատիրության և առևտրի հմտությունների ուսուցում. տեղական առևտրականներին և արտադրողներին հնարավորություն կտրվի դասընթացներ անցնել ագրոբիզնեսի, սպասարկման, մարքեթինգի, բրենդինգի և ոլորտին համապատասխան այլ հմտությունների վերաբերյալ:
  • Խթանել տեղական ստեղծագործականությունը. տեղական արհեստավորները հնարավորություն կունենան ցուցադրելու և վաճառելու իրենց աշխատանքները, ինչը կնպաստի արհեստագործական արտադրության զարգացմանը և ավանդական հմտությունների պահպանմանը:
  • Մշակութային հարստացում. շուկայի տարածքում համայնքային միջոցառումների անցկացումը (օրինակ՝ «Տաթևի վանք ամենամյա ուխտագնացություն», «Բերքի տոն» և այլն) լրացուցիչ ուշադրություն կհրավիրի Տաթև համայնքի մշակութային ժառանգության վրա՝ նպաստելով տեղի բնակիչների և զբոսաշրջիկների միջև փոխհարաբերությունների ընդլայնմանը։
  • Սոցիալական ինտեգրում. Արցախից բռնի տեղահանված մարդկանց շուկայական գործընթացներում ներառելը նրանց հնարավորություն կտա կայուն եկամուտ ստանալ և ինտեգրվել տեղական համայնքին, ինչը կնպաստի սոցիալական համախմբվածությանը:
  • «Կենաց ծառ» նախաձեռնության շարունակականություն. շուկան հարթակ կլինի «Կենաց ծառ» այգու բերքի և դրա վերամշակումից ստացված արտադրանքի  վաճառքի համար՝ ցույց տալով «Մենք ենք մեր սարերը» գործակալության նախագծերի միջև ուղիղ կապը և ընդգծելով կայուն գյուղատնտեսության և տեղական արտադրանքի իրացման կարևորությունը:
Գործընկերներ

Գործընկերներ

Տաթևի համայնքապետարան, «ՏաԹևեր» ճոպանուղի

Աշխարհագրություն

Աշխարհագրություն

ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք,

Իրականացման ժամկետ

Իրականացման ժամկետ

Հոկտեմբեր  2024  – մայիս 2025

Շահառուներ  

ՈՒղղակի շահառուներ

  • Շուրջ 20 շահառու՝ Արցախից բռնի տեղահանվածներ, ինչպես նաև իրենց ընտանիքի անդամներ, ովքեր առաջնահերթություն կունենան զբաղվածության և շուկայում տեղակայման հարցում:
  • Շուրջ 80 շահառու՝ տեղական առևտրականներ, ինչպես նաև իրենց ընտանիքի անդամներ, ինչը կապահովի ներառական մոտեցում և կխթանի համագործակցությունն ու միասնությունը:

Անուղղակի շահառուներ

  • Տաթև համայնքի շուրջ 5000 բնակիչ
  • Տարեկան ավելի քան 150000 զբոսաշրջիկ այցելում է Տաթև

Կայունություն 

  • Զբոսաշրջիկների դրական փորձ. Գեղեցիկ ձևավորված վաճառքի կետերը տեսողական գրավչություն կապահովեն այցելուների համար՝ խրախուսելով վերջիններիս գնել տեղական արտադրանք:
  • Թարմ սննդի և ժամանցի տրամադրում. շուկան կառաջարկի թարմ մրգեր, բանջարեղեն և այլ տեղական մթերքներ: Տեղացի արհեստավորները կկարողանան վաճառել ձեռագործ հուշանվերներ՝ ավելի հարստացնելով այցելուների տպավորությունը: Ժամանցային միջոցառումների ավելացումը, ինչպիսիք են ներկայացումները կամ վարպետաց դասերը, զբոսաշրջիկներին կզբաղեցնի, մինչ նրանք իրենց հերթի սպասման մեջ են:
  • Արտադրողների և վաճառողների հմտությունների զարգացում. ձեռներեցության և առևտրի հմտությունները զարգացնելու դասընթացներին մասնակցությունը թույլ կտա տեղական ձեռներեցներին բարձրացնել իրենց գործունեության արդյունավետությունը և արդյունքում՝ եկամուտը:
  • Համայնքային միջոցառումներ և փառատոներ. շուկան կարող է դառնալ համայնքային միջոցառումների անցկացման վայր, ինչպիսիք են Ամենամյա ուխտագնացությունը դեպի Տաթևի վանք կամ Բերքի տոնը, որը կգրավի ավելի շատ զբոսաշրջիկների և տեղի բնակիչների:
  • Տեղական արհեստանոցների զարգացում. Արհեստագործ վարպետները կարող են օգտագործել  շուկայի տարածքը՝ իրենց աշխատանքը ցուցադրելու համար՝ նպաստելով փոքրածավալ արհեստագործական արտադրության աճին: Այս հնարավորությունը կխթանի տեղական ստեղծագործականությունը և ձեռներեցությունը՝ հզորացնելով տեղահանված բնակիչներին և տեղական արհեստավորներին:
  • Կենաց ծառի այգու արտադրանքի վաճառք. Ապագայում շուկան կդառնա «Կենաց ծառ» այգու բերքի և դրա վերամշակումից ստացված արտադրանքի վաճառքի կետ՝ տեղական արտադրանքի տեսականին ընդլայնելու պլաններով:
  • Բռնի տեղահանվածների համար եկամտի հնարավորությունների ստեղծում. Արցախից բռնի տեղահանված բնակիչները ինտեգրվելու են շուկայում որպես մասնակիցներ, ինչը նրանց կապահովի փոքր, բայց կայուն եկամուտ: Սա կլինի բռնի տեղահանվածներին աջակցելու ավելի լայն նախաձեռնության մի մասը՝ ստեղծելով համայնքային կենսապահովման հնարավորություններ:
  • Սոցիալական ձեռներեցություն. ծրագրի շրջանակներում գոյացած շահույթը առաջնահերթորեն ուղղվելու է նախագծի զարգացմանը, ինչպես նաև համայնքի զարգացման այլ նպատակներին:

Համագործակցող կազմակերպություններ