Եվս 46 բռնի տեղահանված արցախցի «Թևեր» ստացավ
Դիլիջանում ավարտվեց Մենք ենք մեր սարերը զարգացման գործակալության նախաձեռնած եռամսյա «Թևեր» վերականգնողական ...
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնել է նոր ծրագիր, որով Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն ապահովվելու է արևային էլեկտրակայանով՝ հնարավորություն ստեղծելով բուժհաստատությանն այլընտրանքային էներգիայի աղբյուր ունենալ՝ անկախ հոսանքազրկումից ու հովհարային անջատումներից:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել արևային հիբրիդային էլեկտրակայան, ինչը թույլ է տալու մեծացնել բժշկական կենտրոնի էներգամատակարարման համակարգի հուսալիությունը: Առաջնահերթ կարգով էներգիայով կապահովվեն շտապօգնության, վիրահատական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները։
«Սա մեր կարևոր ենթակառուցվածքային նախագծերից է, որը կենսական նշանակություն ունի բժշկական կենտրոնի անխափան գործունեության համար: Այս ծրագիրը նախաձեռնվել է՝ ելնելով իրավիճակից և փորձելով այլընտրանքային հուսալի աղբյուր ստեղծել Արցախի ամենախոշոր բուժհաստատության համար: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել՝ ծրագիրն իրականություն դարձնելու համար»,— ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը:
Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը նույնպես խիստ հրատապ է համարում նման ծրագրի իրականացումը: «Գիտեք, որ հունվարի 9-ից ադրբեջանական կողմը խափանել է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, և մենք ստիպված ենք հույսներս ներքին սուղ ռեսուրսների վրա դնել: Առջևում ձմեռ է, ու պիտի փորձենք հաղթահարելով շրջափակման ընթացիկ դժվարությունները՝ նաև պատարաստվել ձմռանը: Եվ շնորհակալ ենք, որ այս իրավիճակում մենակ չենք»,— ասում է Մհեր Մուսայելյանը:
Ծրագիրն իրականացվելու է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի համագործակցությամբ՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության նվիրատուների աջակցությամբ: