«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից Արցախում մեկնարկել է ևս մեկ նոր՝ «Արևային ջրատաքացուցիչներ Արցախի սոցիալական ոլորտի հաստատությունների համար» ծրագիրը, որի շրջանակում Ստեփանակերտում, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում 70-ից ավելի մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ կապահովվեն արևային ջրատաքացուցիչներով: Ծրագրի շահառու հաստատություններում մասնագիտական ընկերության կողմից արդեն սկսվել են չափագրման և նախագծման աշխատանքները:
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում, երբ ունենք նաև խորացող էներգետիկ ճգնաժամ, այս ծրագիրն իսկապես առանձնահատուկ կարևորություն է ստանում: Սա նշանակում է, որ անկախ հոսանքի և գազի առկայությունից՝ սոցիալական այս հաստատություններն ապահովված կլինեն տաք ջրով: Մենք արդեն սկսել ենք աշխատանքները մասնագիտական կազմակերպության հետ, և ակնկալում ենք, որ առաջիկա ամսվա ընթացքում կսկսեն տեղադրումերը»,— ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը:
Այս ծրագիրը ևս, ինչպես գործակալության մյուս ծրագրերը, իրականացվում է պետական-մասնավոր գործընկերությամբ՝ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ: Ծրագիրն իրականցվում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության նվիրատուների աջակցությամբ:
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։