Ռուբեն Վարդանյանի ապօրինի ազատազրկումը դատապարտելու ԿՈՉ
2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն ...
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով:
«Այս իրավիճակում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, հասկանալի է, որ միջամտության միջպետական գործիքակազմ, ցավոք, առկա չէ: Այդուհանդերձ, Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան, որի անդամ են հանդիսանում թե՛ Հայաստանի Հանրապետությունը և թե՛ Ադրբեջանի Հանրապետությունը, հնարավորություն է տալիս կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով, և այդ հնարավորությունից կարողացել են օգտվել նմանատիպ իրավիճակներում հայտնված մի շարք երկրներ:
Խնդրում ենք Ձեզ գործարկել այս մեխանիզմը և դիմել չեզոք երրորդ երկրի, օրինակ, Շվեյցարիայի Համադաշնությանը, լիազորելով Հայաստանի Հանրապետության անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկականօգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար», – ասված է Արարատ Միրզոյանին ուղղված նամակում:
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Զուտերին հասցեագրված նամակում նշվում է, որ հաշվի առելով Շվեյցարիայի՝ միջազգային մարդասիրական իրավունքի հարգման, ամրապնդման և առաջմղման երկարամյա ավանդույթը, կոչ է արվում նախագահին ու Շվեյցարիայի կառավարությանը ևս մեկ անգամ ստանձնել չեզոք միջնորդի դերակատարում.
«Կոչ ենք անում Ձեզ և Ձեր հարգարժան կառավարությանը ևս մեկ անգամ ստանձնել չեզոք միջնորդի դերակատարում և ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկական օգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար»:
«Այսօրվա գլխավոր կոչն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես Ադրբեջանում պատանդառված անձանց քաղաքացիության երկիր, դիմի Շվեյցարիայի Համադաշնությանը խնդրանքով, որպեսզի վերջինս էլ դիմի Ադրբեջանին՝ մեր պատանդառված անձանց հյուպատոսական ծառայություն մատուցելու համար: Մեր կոչը հիմնված է Վիեննայի կոնվենցիայիվրա, որը թույլ է տալիս դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրներին օգտվել չեզոք երկրի հյուպատոսական ծառայությունից: Հաշվի առնելով մեր տասնվեց գերիների նկատմամբ ընթացող «դատավարությունը» և Ռուբեն Վարդանյանի հարցադուլը, համարում ենք, որ սա հրատապ միջոց է, որը պետք է կիրառի ՀՀ կառավարությունը»,- ասել է ակցիայի կազմակերպիչ, «Արցախ միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը: