«ԹԵՒԵՐ» փորձնական ծրագիր Դիլիջանում. խոստումնալից առաջընթաց Արցախից տեղահանված երեխաների և ընտանիքների հոգեբանական բարեկեցության բարելավման գործում

«ԹԵՒԵՐ» փորձնական ծրագիր Դիլիջանում. խոստումնալից առաջընթաց Արցախից տեղահանված երեխաների և ընտանիքների հոգեբանական բարեկեցության բարելավման գործում

Արցախի երկարատեւ պաշարման, ռազմական գործողությունների և բռնի տեղահանման հետևանքով արցախցի երեխաների մոտ ի հայտ եկած հոգեբանական խնդիրները լուծելու եւ երեխաների համապարփակ վերականգնմանն ու զարգացմանը նպաստելու նպատակաով «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը նախաձեռնել է  «Թևեր» նորարարական նախագիծը, որի փորձնական փուլն իրականացվել է Դիլիջանում: 

2023 թվականի նոյեմբերին մեկնարկած նախագծի յուրահատկությունը կայանում է տրավմաներից վերականգնման ամբողջական մոտեցման՝ հոգեբանական, ֆիզիկական և մտավոր բաղադրիչների համատեղման մեջ: «Մենք խորապես հավատում ենք, որ այս տարրերը փոխկապակցված են, և դրանց ներդաշնակեցումը առանցքային է երեխաների առողջության, կայուն առաջընթացի և բարեկեցության համար», — նշում է գործակալության Կրթական նախաձեռնությունների և մարդկային կապիտալի զարգացման ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:  

Դիտարկումները ցույց են տվել նկատելի առաջընթաց նախագծի շահառու 43 երեխաների հոգեբանական բարեկեցության մեջ՝  նախագծի ավարտին արտացոլելով մասնակիցների մոտ դրական տեղաշարժ դեպի ճկունություն, կայունություն և ապագայի հույս: 

«Թեւեր»-ի վերջնական նպատակը դուրս է գալիս մասնակիցների վրա անմիջական ազդեցությունից: Կանխարգելելով տրավմայի փոխանցումը ապագա սերունդներին՝ ծրագիրը նպատակ ունի ստեղծելու ապաքինման և կայունացման ալիքային էֆեկտ: 

 «Թեև մեր առաջնային ուշադրությունը երեխաների հոգեբանական բարեկեցությունն էր, մենք գիտակցում էինք ընտանեկան դինամիկայի և ողջ ընտանիքի վրա բռնի տեղահանության ազդեցության խնդիրների լուծման կարեւորությունը:  Ուստի, կազմակերպվեցին անհատական և խմբակային թերապիայի սեանսներ ընտանիքների հոգեբանական ապաքինմանն աջակցելու համար:», — ասում է նախագծի հոգեբան Անի Ապիտոնյանը:  

Թեւեր»-ի փորձնական փուլի իրագործմանը ներգրավված էին Դիլիջանում բարերար Ռուբեն Վարդանյանի հիմնած մի շարք կառույցները՝ Դիլիջանի համայնքային կենտրոնը, UWC քոլեջը, Climate Uturn կրթական նախաձեռնությունը և «Իմպուլս» ֆուտբոլային ակադեմիան: 

 

«Վնասվածքն արմատախիլ անելու և դրա երկարաժամկետ ազդեցությունը կանխելու համար կարևոր է վաղաժամ բացահայտել այն և ապագայի համար ամուր հիմք ստեղծել: Արցախից տեղահանված յուրաքանչյուր երեխա հարմարվելու առաջին տարում «Թևերի» կարիք ունի. 2024 թվականի մեր նպատակն է «Թևեր» ապահովել առնվազն 600 տեղահանված երեխաների համար։ Ուստի, ուրախ կլինենք նախագծի շրջանակներում նոր համագործակցության համար»,— նշում է գործակալության ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը։