Ստեփանակերտում այսօրվանից գործում է բարեգործական ճաշարան

Ստեփանակերտում այսօրվանից գործում է բարեգործական ճաշարան

Ստեփանակերտում այսօրվանից գործում է բարեգործական ճաշարան՝ շրջափակման հետևանքով ստեղծված սոցիալական իրավիճակը մեղմելու և բնակչության առավել տուժած խմբերին սննդով ապահովելու նպատակով: Ճաշարանը գործելու է «Պարկ հոթել» հյուրանոցի տարածքում՝ օգտագործելով շրջափակման հետևանքով արդեն չգործող հյուրանոցի ճաշարանային ու խոհանոցային հնարավորությունները:  

Ծրագիրը, որը նախաձեռնել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման` սոցիալական ոլորտով զբաղվող աշխատանքային խումբը, իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության միջոցով և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի օրհնությամբ ու ներգրավվածությամբ:  

Հանրային սննդի ծառայություն մատուցող մասնավոր ընկերություններից մեկի հետ կնքվել է ծառայության մատուցման պայմանագիր, և վերջինս պարտավորվել է օրական մեկ անգամ սնունդով ապահովել ծրագրի շահառուներին:  

Ծրագրի գաղափարն առաջարկվել է՝ հաշվի առնելով, որ այսպիսի սոցիալական-բարեգործական ճաշարաններ գործում են տարբեր երկրներում: Դժվարին իրավիճակներում դրանք ոչ միայն ուղղված են խոցելի խմբերին հնարավորինս աջակցելուն, այլև հոգեբանական նշանակություն ունեն, և ստեղծում են նաև շփման միջավայր՝ թույլ չտալով մարդկանց պարփակվել: 

Հաշվի է առնվել նաև այն, որ առանձին սոցիալական խմբերի սնունդ բաշխելու տեխնիկական հնարավորություն չկա, բայց հնարավորություն կա սուղ մթերքից ճաշատեսակ պատրաստել և մատուցել մարդկանց: Այս իրողություններում ամեն ինչ արվելու է, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան օգտվել ծրագրից: Այդ նպատակով կամավորներն արդեն պատրաստի ուտելիքը հասցնելու են այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն լինի ճաշարան այցելել: «Մենք հոգ ենք տանելու, որպեսզի հարմարավետ միջավայր ստեղծվի մարդկանց համար, իսկ ճաշարանն ամեն օր ապահովվի սնունդով: Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, որ առավելագույնս պետք է սատար կանգնենք միմյանց»,- ասել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման կոմիտեի անդամ Հայկ Ավանեսյանը:  

Ճաշարանի տարածքն ընտրվել է՝ հաշվի առելով նաև, որ այն գտնվում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հարևանությամբ, և հոգևորականները նույնպես այցելելու են քաղաքացիներին՝ շփվելու նրանց հետ: Ուշագրավ է, որ այսօր առաջին ճաշը մատուցելուց առաջ օրհնության կարգ է կատարվել:  

Ճաշարանը մարդկանց սպասարկելու է ժամը 13.00-16.00-ի հատվածում: Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 16 տարեկան երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաև հղի կանայք ու 65 տարեկանից բարձր տարեցները: 

Հնարավորության դեպքում ծրագիրն ընդլայնվելու է. նախատեսվում է ևս մեկ նման կետ բացել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ: 

Ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ զանգահարելով 3333 կարճ համարին։ 

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժում