Սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում կգործի երկրորդ սոցիալական-բարեգործական ճաշարանը
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ սեպտեմբերի 1-ին կբացվի երկրորդ սոցիալական-բարեգործական ...
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ և մեկ տասնյակ կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցավ ուխտագնացություն Տաթևի վանական համալիր՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների:
«Կենաց ծառ» խորհրդանշական անվանմամբ անցկացվող ուխտագնացության համակազմակերպիչներն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ օգնության միությունը, «Ազնավուր» հիմնադրամը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Թուֆենկյան» հիմնադրամը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, «Օրրան» բարեգործական կազմակերպությունը, Տաթև համայնքը:
Միջոցառումը նշանավորվել է վանական համալիրի Սբ. Պողոս-Պետրոս տաճարում Գերաշնորհ Տ.Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ անցկացված համատեղ աղոթքով՝ հանուն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների շուտափույթ ազատ արձակման:
«Տաթևը հայոց հոգևոր և ազգային-ազատագրական վերածննդի խորհրդանիշներից է։ Այսօր շատ կարևոր է ներշնչանք և ուժ ստանալ մեր ազգային-հոգևոր ակունքներից՝ մեր նոր զարթոնքի համար։ Մեր խոցված ազգային արժանապատվությունը վերականգնելու, հուսահատությունների ու հիասթափությունների կորստաբեր շղթան կոտրելու համար նաև խիստ կարևոր է Բաքվում պահվող մեր գերիների շուտափույթ և ապահով վերադարձը հայրենիք», ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Միջոցառումների շարքը շարունակվեց խորհրդանշական «Կենաց ծառի» տնկմամբ և պտղատու նոր այգու բացմամբ և ազգագրական-մշակութային միջոցառումներով՝ Տաթևում և Հալիձորում: Համայնքի բնակիչների կողմից կատարվել է ավանդական հարիսայի պատրաստում։ Համերգային կատարումներով հանդես են եկել Արցախի ազգային նվագարանների նվագախումբը և «Մռակած» երգչախումբը:
Ուխտագնացությունն իրականացվել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը: 2008 թվականին նրա նախաձեռնությամբ է մեկնարկել «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որի շրջանակում կառուցվել է «Տաթևեր» ճոպանուղին, վերականգնվել են վանական համալիրի կառույցները, տարածաշրջանում խթանվել է զբոսաշրջությունը: