Դիլիջանում ավարտվել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության «Թևեր» նորարարական ծրագրի փորձնական փուլը, որն ուղղված է Արցախից բռնի տեղահանված երեխաների հոգեբանական խնդիրների լուծմանն ու համապարփակ վերականգնմանը: Ծրագրի պիլոտային փուլն իրականցվել է Դիլիջանում Կրթության խթանման «Дар» բարեգործական հիմնադրամի եւ մի խումբ նվիրատուների աջակցության շնորհիվ, Դիլիջանի համայնքային կենտրոնի, UWC քոլեջի, Climate Uturn կրթական նախաձեռնության և «Իմպուլս» ֆուտբոլային ակադեմիայի հետ համագործակցությամբ:
2023 թվականի նոյեմբերին մեկնարկած նախագծի յուրահատկությունը տրավմաներից վերականգնման ամբողջական մոտեցման՝ հոգեբանական, ֆիզիկական և մտավոր բաղադրիչների համատեղումն է: «Մենք խորապես հավատում ենք, որ այս տարրերը փոխկապակցված են և դրանց ներդաշնակեցումն առանցքային է Արցախի երկարատև պաշարման, ռազմական գործողությունների և բռնի տեղահանման դառնությունների միջով անցած երեխաների առողջության պահպանման, կայուն առաջընթացի և բարեկեցության համար», — նշում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության Կրթական նախաձեռնությունների և մարդկային կապիտալի զարգացման ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:
Նախագծի ավարտին արված դիտարկումները շահառու 43 երեխաների մոտ նկատելի դրական տեղաշարժ են արձանագրել հոգեբանական բարեկեցության, մասնավորապես, ճկունության, կայունության և ապագայի հույսի առումով:
«Թեւեր»-ի ազդեցությունը միայն մասնակիցների վրա չի տարածվում և այն ավելի հեռահար նշանակություն ունի. կանխարգելելով տրավմայի փոխանցումն ապագա սերունդներին՝ ծրագիրը նպատակ ունի ստեղծել ապաքինման և կայունացման ալիքային էֆեկտ:
«Թեև մեր առաջնային ուշադրությունը երեխաների հոգեբանական բարեկեցությունն էր, մենք գիտակցում էինք ընտանեկան դինամիկայի և ողջ ընտանիքի վրա բռնի տեղահանության ազդեցության խնդիրների լուծման կարեւորությունը: Ուստի, կազմակերպվեցին անհատական և խմբակային թերապիայի սեանսներ ընտանիքների հոգեբանական ապաքինմանն աջակցելու համար», — ասում է ծրագրի հոգեբան Անի Ապիտոնյանը:
«Վնասվածքն արմատախիլ անելու և դրա երկարաժամկետ ազդեցությունը կանխելու համար կարևոր է վաղաժամ բացահայտել այն և ապագայի համար ամուր հիմք ստեղծել: Արցախից տեղահանված յուրաքանչյուր երեխա հարմարվելու առաջին տարում «Թևերի» կարիք ունի. 2024 թվականի մեր նպատակն է «Թևեր» ապահովել առնվազն 600 տեղահանված երեխաների համար։ Ուստի, ուրախ կլինենք նախագծի շրջանակներում նոր համագործակցության համար»,— նշում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը։
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը հիմնադրվել է 2022 թվականին՝ Ռուբեն Վարդանյանի և նրա գործընկերների կողմից: Կազմակերպության ծրագրերն ուղղված են պաշտպանելու մարդկանց, որոնց կյանքը տուժել է անվերջ ընթացող հակամարտությունից: