Գյումրու Բարեկամության այգում օգոստոսի 25-ին մեկնարկեց «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնած՝ «Թևեր-Գյումրի» եռամսյա վերականգնողական ծրագիրը, որը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված 4-18 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար։
Ծրագրի նպատակն է արտթերապիաների, սպորտի և ոչ ֆորմալ կրթության միջոցով վերականգնել արցախցի երեխաների ու դեռահասների ֆիզիկական, հոգեբանական և մտավոր ռեսուրսները, նպաստել նոր բնակավայրում նրանց ադապտացմանն ու ինտեգրմանը։
Առաջիկա երեք ամիսներին «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը «թևեր» կտա ավելի քան 40 արցախցի երեխաների և նրանց ծնողներին։ Ծրագիրը բաց է նաև Շիրակի մարզում ապաստանած շուրջ 4000 արցախցի երեխաների և նրանց ընտանիքների համար։
Ծրագրի համակարգող Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանի կողմից շուրջ 10 ամիս շրջափակման մեջ գտնված և պատերազմի ու գաղթի արհավիրքներով անցած արցախցի երեխաները հոգեբանական և ֆիզիկական ծանր վիճակում հասան Հայաստան, առաջացավ նախագիծն իրականացնելու գաղափարը։
«Անհրաժեշտ էր արագ միջոցներ ձեռնարկել երեխաներին այդ դժվարին վիճակից հանելու համար։ 2023 թվականի նոյեմբերին սկսեցինք ծրագիրը Դիլիջանում՝ «թևեր» պարգևելով 150 երեխայի և նրանց ծնողներին։ Իսկ այսօր Խորհրդանշական է «Թևեր-Գյումրի» ծրագրի մեկնարկն ազդարարել Գյումրու Բարեկամության այգում, որը վերակառուցվում է մեր կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ։ Ու թեպետ Ռուբենն այսօր անօրեն կերպով պահվում է Բաքվի բանտում, նրա բարեգործական առաքելությունը շարունակվում է՝ հույս և լույս պարգևելով հարյուրավոր մարդկանց։ Առաջիկայում նախատեսում ենք ծրագիրը սկսել Սյունիքում։ Մեր նպատակն է «Թևեր»-ը հասանելի դարձնել Հայաստանում գտնվող բոլոր արցախցիներին»,- նշում է Սոնա Հովհաննիսյանը։
Ծրագիրն առաջարկում է նաև ընտանիքների հոգեբանական ապաքինում՝ անհատական և խմբակային թերապիաների օգնությամբ, ինչպես նաև սոցիալական ինտեգրում ու նոր բնակավայրի հետ ծանոթություն՝ ճանաչողական էքսկուրսիաների միջոցով։
«Թևեր-Գյումրի» ծրագրի բացմանը մասնակիցները բացահայտեցին Գյումրու և Արցախի բակային խաղերը, շփվեցին միմյանց հետ իրենց բարբառներով, ծանոթացան Գյումրու պատմամշակութային հուշարձաններին՝ գունազարդելով քաղաքի քարտեզը և լսելով գյումրեցի երեխանների պատմությունները։
«Թևեր» վերականգնողական ծրագիրն իրականացվում է «Սատար Արցախին» միության և «ԴԱՐ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ ։
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։ Կազմակերպությունը 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին օգնում է վերականգնվել և հզորանալ Հայաստանում։