Գյուղում մնալը կարող է լինել ոչ թե սահմանափակում, այլ` հնարավորություն․ Թևեր՝ բոլորին

Գյուղում մնալը կարող է լինել ոչ թե սահմանափակում, այլ` հնարավորություն․ Թևեր՝ բոլորին

Մերին ծնվել ու ապրում է Տաթև խոշորացված համայնքի Խոտ գյուղում։ Իր 17 -ում նա այն մարդկանցից է, որոնց պատմությունները փոխում են ոչ միայն սեփական կյանքը, այլև համայնքի մտածելակերպը։ Մերին «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Թևեր՝ բոլորին» ծրագրի դրամաշնորհառուներից է։

Ծրագրին մասնակցելու հայտը  լրացրել է գիտակցումով, որ եթե անգամ դրամաշնորհի չարժանանա, սա հնարավորություն է բիզնես գիտելիքներ ու թվային գրագիտություն ձեռք բերելու համար։
Ծրագրի ընթացքում Մերին առաջին անգամ ունեցավ բիզնես պլան գրելու փորձ։

«Սկզբում շատ վախեցա․ չգիտեի՝ որտեղից սկսել։ Տեսնելով ֆինանսական մոդելի աղյուսակների քանակը մտածեցի՝ այս ամենն իմ ուժերից վեր է, սակայն տեսադասերը դիտելուց հետո հասկացա, որ դա հնարավոր է, և հաղթահարեցի այդ փուլը»,ասում է Մերին։

«Թևեր՝ բոլորին» ծրագրի մեկնարկին Մերին ունեցել է հրուշակագործության արտադրության բիզնես գաղափար, սակայն ծրագրի ընթացքում հասկացել է, որ կարող է ավելի հավակնոտ նախագիծ առաջարկել՝ հիմնված ընտանիքի փորձի և գյուղի ներուժի վրա։ Քանի որ գյուղ այցելող զբոսաշրջիկները հաճախ իր ընտանիքին էին դիմում՝ ձիերով շրջայց կատարելու խնդրանքով, նա որոշեց հենց ձիերով զբոսաշրջությունն ընտրել որպես իր բիզնես գաղափարի հիմք։

«Հայրիկիս հետ քննարկումներից հետո վստահությունս ավելի ամրապնդվեց․ սա գաղափար էր, որը կարող էր և՛ աշխատատեղեր ստեղծել, և՛ գյուղին զբոսաշրջային շունչ տալ»։

Մերին խոստովանում է, որ սկզբում իր հաջողության հանդեպ ամենաթերահավատը հենց ինքն էր։ Ծրագրի փակման օրը, երբ հայտարարվում էին հաղթողների անունները, նա վստահ էր, որ իր ծրագիրը բավականաչափ ուժեղ չէ։

«Մտածում էի՝ իմ գաղափարին անգամ ուշադրություն չեն դարձնի։ Սակայն երբ լսեցի անունս, շփոթվեցի»։

Ծրագրի շրջանակում Մերին արժանացավ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության տրամադրած կրթաթոշակին, որի միջոցով ձեռք բերեց թամբեր և համապատասխան ցուցանակներ։ Իսկ որպես հաղթող՝ Արարատբանկի կողմից ֆինանսավորված դրամաշնորհով ձեռք բերեց երեք ձի։

«Այժմ ունենք 5 ձի և սպասում ենք զբոսաշրջային սեզոնի բացմանը, որպեսզի սկսենք տուրերի կազմակերպումը»,- ասում է Մերին։

Մերին նշում է, որ իր պատմությունը ոգեշնչել է նաև գյուղի մյուս երիտասարդներին․«Երբ ընկերներս տեսան, որ ինձ մոտ ստացվեց, իրենք էլ սկսեցին դիմել տարբեր ծրագրերի։ Նրանք անգամ չէին մտածում, որ այս տարիքում կարող են սեփական ուժերով ինչ-որ բան ստեղծել։ Հիմա նրանցից ոմանք շահած դրամաշնորհներով գյուղում զարգացման կենտրոն են բացում»։

Մերիի երազանքներում Խոտը ոչ միայն գեղեցիկ բնությամբ վայր է, այլ զարգացող համայնք՝ նոր հնարավորություններով ու աշխատատեղերով։


«Մինչ այս պահը երիտասարդները մտածում էին գյուղից գնալու մասին, հիմա մտածում ենք՝ ինչ կարող ենք անել գյուղում ու ինչպես զարգացնել այն», —ասում է Մերին։


«Թևեր՝ բոլորին» ծրագիրն իրականացնում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը՝ Իննոբիզ ՀԿ-ի և Տաթև համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ։
Ծրագիրն իրականացվել է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Ծրագրի 4 շահառուների դրամաշնորհները տրամադրվել են Արարատբանկի ֆինանսական աջակցությամբ։

Համագործակցող Կազմակերպություններ