«Երեք մեղու»․փոքր նվերից՝ մեծ գործ
15 տարի առաջ, երբ Նորայր Աբգարյանը նվեր ստացավ երեք մեղվափեթակ, նա չէր էլ պատկերացնում, որ այդ փոքրիկ ...

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը մշտապես կապ է պահպանում իր նվիրատուների հետ և տեղեկացնում նրանց աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքի մասին:
Սուրբ Զատիկի նախօրեին, ողջ հայության համար կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկից՝ Գանձասարից, «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, գործակալության մշակութային և կրթական ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը տեսակապի միջոցով իրենց երախտագիտությունն են հայտնել գործակալության՝ տարբեր երկրներում գտնվող աջակիցներին, որոնք օգնում են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը և որոնց համար կարևոր է Արցախի ճակատագիրն ու ապագան:
Նարինե Աղաբալյանը տեղեկացրել է, որ «Նվերներ՝ Արցախի երեխաներին» ծրագրի շրջանակում Արցախի շուրջ 12500 երեխաներ արդեն ստացել են իրենց նվերները և շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել ծրագրի իրականացումն Արցախի շրջափակման պայմաններում. «Շրջափակված Արցախում, որտեղ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել անգամ կրթության իրավունքից, նման ծրագրերի իրականացումն ու երեխաներին ժպիտ պարգևելn առանձնահատուկ խորհուրդ ունի»:
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ անհնար էր առանց հուզմունքի տեսնել երեխաների երջանիկ դեմքերը և կարևոր է համարել նրանց ապագայի համար ներդրումների իրականացումը, քանի որ դա նշանակում է ներդնել Արցախի ապագայի համար: «Հենց Գանձասարում այսպիսի միջոցառման անցկացումը չափազանց խորհրդանշական է, որովհետև պայքարը շարունակվում է. պայքարը շարունակվում է մեր երեխաների ապագայի, մեր հողում ապրելու իրավունքի, մեր կյանքը մեր օրենքներով ու ավանդույթներով ապրելու համար: Արցախում հավատում են ապագային և պատրաստ են դիմագրավել բոլոր դժվարություններին», — ասել է նա:
Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր օրհնության խոսքում նշել է, որ արցախցի երեխաների կողքին լինելը նշանակում է Աստծո կողքին լինել. «Մեր օրհնությունն ենք բերում բոլոր նրանց, ովքեր իրապես աստվածահաճո գործ են անում: Թող Տերը օգնական լինի բոլորիս, որ կարողանանք մշտապես սրտակից լինել միմյանց, որ Արցախում լինի կայուն խաղաղություն և հարատևություն»: