Սերը, որ դարձավ բիզնես․ Մարտիկի ճանապարհը «Թևեր՝ բոլորին» ծրագրում

Սերը, որ դարձավ բիզնես․ Մարտիկի ճանապարհը «Թևեր՝ բոլորին» ծրագրում

Սյունիքի մարզի Խոտ գյուղում Մարտիկի օրը սկսվում է մեղուների հետ։ Սակայն նրա աշխատանքի պատմությունը սկսվել է դեռ պապական բակում՝ 18 տարեկանում։

«Մեղուներ, ճիշտն ասած, պապական բակում եղել են։ Ես էլ՝ 18 տարեկանում տեսել եմ, սեր է առաջացել, ու սկսել եմ այս գործով զբաղվել»,— այսպես է բացատրում իր սերը մեղվաբուծության նկատմամբ Մարտիկը։

Այդ սերը դարձավ 30 տարվա փորձ, մասնագիտացում մայրաբուծության մեջ և համայնքում պահանջված աշխատանք։ Սակայն Արցախի Քաշաթաղ բնակավայրից տեղահանվելուց հետո Մարտիկը ստիպված էր ամեն ինչ սկսել նորից։ Փեթակների միայն մի մասն էր կարողացել բերել իր հետ։  Չնայած դժվարություններին՝ նա որոշեց ոչ միայն վերականգնել իր տնտեսությունը, այլ նաև զարգացնել այն։

6 ամիս՝ գաղափարից մինչև մրցունակ բիզնես

Մարտիկը մասնակցեց «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Թևեր՝ բոլորին» ծրագրին, որն իրականացվում էր Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Վեց ամիս շարունակ մասնակիցները «Իննոբիզ» ՀԿ-ի մասնագետների աջակցությամբ ձեռք են բերել ձեռներեցության հիմնարար գիտելիքներ, զարգացրել բիզնես մտածողությունը, սովորել ֆինանսական պլանավորում, շուկայի գնահատում, փաթեթավորում և վաճառքի ռազմավարություն։

Անհատական մենթորության աջակցությամբ Մարտիկը ևս մշակել է մրցունակ բիզնես նախագիծ։

««Թևեր՝ բոլորին» ծրագիրը կարևոր էր նրանով, որ մենք ձեռք բերեցինք ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար անհրաժեշտ գիտելիքներ։ Որքան էլ քեզ մասնագետ համարես, նախ և առաջ պետք է սովորես ճիշտ բիզնես-պլան կազմել»,-նշում է Մարտիկը։

Ծրագրի ամփոփմանը Մարտիկի բիզնես նախագիծը հաղթող նախագծերից էր, որի դրամաշնորհը ֆինանսավորեց ԱԿԲԱ Ֆեդերացիան։

«Դրամաշնորհը հնարավորություն է տվել ավելացնել փեթակների քանակը, ստեղծել նոր մայրաբներ և ձեռք բերել նոր մեղրաքամ․ հինը արդեն բավարար չէր մեծ ծավալների համար»,- մանրամասնում է մեղվագործը։

Զարգացում, որը տարածվում է համայնքում

Մարտիկի համար կարևոր է ոչ միայն սեփական բիզնեսի աճը, այլ նաև համայնքի զարգացումը.

«Ինչքան շատ մեղու պահենք, այնքան մեզ ու համայնքին օգուտ կլինի: Տնտեսության ընդլայնումը նաև աշխատատեղեր է ստեղծում․ սեզոնային փուլում արդեն անհրաժեշտ է մի քանի աշխատող, իսկ աճի հետ այդ կարիքը մեծանալու է»։

Նա աջակցում է սկսնակ մեղվապահներին, օգնում է մեղրի իրացման հարցում և ցանկանում է, որ մարդիկ հասկանան՝ մեղվաբուծությունը կարող է դառնալ կայուն եկամտի աղբյուր։

 

Նոր նպատակներ՝ «Հին Խոտ» բրենդ

Մարտիկը ձևավորում է իր ապագա բրենդը՝ «Հին Խոտ»։ Նրա նպատակն է զարգացնել մայր մեղուների արհեստական բեղմնավորումը Հայաստանում և արտադրել որակյալ մայրեր։

«Ցանկացած ապրանք, եթե կարողանում ես այն նորմալ վիճակի հասցնել, մարդիկ տանում են, գոհ են լինում, և բացառվում է, որ չպատվիրեն․ ստանալու ենք որակյալ մայրեր», — ասում է Մարտիկը։

Առաջիկա մեկ տարում նա նախատեսում է ավելացնել մեղվաընտանիքների և մայրերի քանակը, զարգացնել էկոմեղրի ուղղությունը և ամրապնդել նոր բիզնես կապերը։

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Թևեր՝ բոլորին» ծրագիրը ոչ միայն աջակցում է բիզնեսների վերականգնմանը, այլ ստեղծում է երկարաժամկետ տնտեսական հնարավորություններ Սյունիքում՝ ձևավորելով նոր ձեռներեցներ, նոր աշխատատեղեր և ուժեղ համայնքներ։

 

Wings4All
Wings4All

Համագործակցող Կազմակերպություններ