Գյումրիում ամփոփվեց «Թևեր» վերականգնողական ծրագրի պիլոտային փուլը
Նոյեմբերի 9-ին ամփոփվեց «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Թևեր-Գյումրի» ծրագրի պիլոտային ...
Արցախից բռնի տեղահանված երեխաների վերականգնման, սոցիալական ադապտացման ու նոր հմտությունների ձեւավորման նպատակով մեկնարկել է «Թևեր» ծրագիրը, որն իրականացվում է IDeA պլատֆորմի, «Մենք ենք մեր սարերը» գործակալության և Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից:
«Դեռ Արցախում «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել՝ մեղմելու երկարատեւ շրջափակման հումանիտար հետեւանքները Արցախի բնակչության համար: Հավատարիմ մնալով իր համահիմնադրի՝ Ռուբեն Վարդանյանի կողմից նախանշված առաքելությանն ու սկզբունքներին եւ կարեւորելով հատկապես արցախցի երեխաների հոգեկան եւ ֆիզիկական առողջության վերականգնումը շրջափակման եւ բռնի տեղահանման փորձություններից հետո, գործակալությունն սկսել է «Թեւեր» ծրագիրը՝ մեր երխաներին և նրանց ծնողներին «թևեր տալու» նպատակով: Հուսով ենք, այն կօգնի նրանց հաղթահարել դժվարությունները եւ լավատեսությամբ լցվել ապագայի հանդեպ»,- ծրագրի մեկնարկի միջոցառմանը նշել է նախագծի համակարգող Նարինե Աղաբալյանը:
Ծրագիրը նախատեսված է 4-18 տարեկան արցախցի երեխաների համար։ Առաջին փուլում ընդգրկված է Դիլիջանում բնակվող շուրջ 50 երեխա: Նախատեսվում է, որ ծրագիրն իրականացվելու է հանրապետության բոլոր մարզերում:
Յուրաքանչյուր խմբի համար վեց շաբաթ տևող ծրագիրն ուղղված է տարբեր մարզաձևերի ու թերապիաների (լող, ֆուտբոլ, արտթերապիա և այլ) միջոցով ֆիզիկական և հոգեբանական ուժերի վերականգնմանը՝ 4-18 տարեկան երեխաների համար եւ մտավոր ներուժի զարգացմանը (առաջնորդական և ձեռնարկատիրական հմտությունների ձևավորում)՝ 12-18 տարեկան երեխաների համար:
Ծրագրում ներգրավված բարձրակարգ մասնագետները երեխաներին կօգնեն հաղթահարել տրավմատիկ իրողության հետեւանքները, արագ հաստատել նոր սոցիալական կապեր, հարմարվել նոր վայրին և լիարժեք կյանք վերադառնալ: