Հալիձորում մեկնարկեց  «Թևեր-բոլորին» նորարական ծրագիրը տեղացի և Արցախից տեղահանված ընտանիքների համար

Հալիձորում մեկնարկեց «Թևեր-բոլորին» նորարական ծրագիրը տեղացի և Արցախից տեղահանված ընտանիքների համար

Հալիձորում տեղի ունեցավ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Թևեր-բոլորին» ծրագրի պաշտոնական բացումը, որն ուղղված է Տաթև խոշորացված համայնքի զարգացմանը: Միջոցառմանը մասնակցեցին համայնքի շուրջ 50 բնակիչներ, ովքեր հնարավորություն ստացան բացահայտելու իրենց համայնքին բնորոշ սոցիալ-մշակութային առավելությունները և դրանք վերածելու գործնական բիզնես գաղափարների:

Ծրագիրը, որն իրականացվում է Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհով և Տաթևի համայնքային կենտրոնի ու «Իննոբիզ» ընկերության հետ համատեղ, նպատակ ունի զարգացնելու ձեռնարկատիրական մշակույթը տարածաշրջանում: Մասնակիցները վեց ամիսների ընթացքում սովորելու են ձեռնարկատիրական հմտություններ և փորձառու մենթորների օգնությամբ մշակելու են իրենց բիզնես նախագծերը:

«Մեր ծրագրի հիմնական նպատակն է համայնքի բնակիչներին սովորեցնել, թե ինչպես կարելի է առկա ռեսուրսները վերածել կայուն բիզնես հնարավորությունների», — նշեց ծրագրի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը: «Այսօր մենք մասնակիցներին ներկայացրինք աշխարհում հայտնի բիզնեսների օրինակներ, որոնք ծնվել են պարզ գաղափարից և վերածվել խոշոր ձեռնարկությունների: Հավատում ենք, որ Տաթևի համայնքը նույնպես ունի հսկայական ներուժ, և մենք այստեղ ենք՝ այդ ներուժը բացահայտելու համար»:

Համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը կարևորեց նախաձեռնությունը համայնքի զարգացման տեսանկյունից. «Այս ծրագիրը Տաթև խոշորացված համայնքի համար ունի ռազմավարական նշանակություն: Մենք կարծում ենք, որ տեղացի ձեռնարկատիրության զարգացումը կարող է նոր շունչ հաղորդել մեր համայնքին, ստեղծել աշխատատեղեր և խթանել տնտեսական աճը: Հատկապես կարևոր է, որ ծրագիրը ներառում է ինչպես տեղացի, այնպես էլ Արցախից տեղահանված ընտանիքների, ինչը նպաստում է համայնքային ինտեգրմանը և փոխադարձ աջակցությանը»:

«Իննոբիզ» ընկերության ղեկավար Նաիրա Մարգարյանն ընդգծեց  ուսուցման և մենթորության կարևորությունը բիզնես նախաձեռնություններում. «Մեր փորձը ցույց է տալիս, որ գործնական գիտելիքները և անհատական մենթորությունը վճռորոշ դեր են խաղում բիզնեսի հաջողության հարցում: Մեր փորձառու մենթորները պատրաստ են աջակցել մասնակիցներին` իրենց բիզնես գաղափարներն իրականություն դարձնելու ճանապարհին: Մենք տրամադրելու ենք ոչ միայն գիտելիք, այլև կիրառական գործիքներ, որոնք անհրաժեշտ են շուկայում մրցունակ լինելու համար»:

«Թևեր-Բոլորին» ծրագիրը մասնակիցներին առաջարկում է՝

  • Ձեռնարկատիրական հմտությունների ուսուցում
  • Անհատական մենթորություն փորձառու մասնագետների կողմից
  • Բիզնես գաղափարների մասնակի ֆինանսավորման հնարավորություններ
  • Ուսումնական կրթաթոշակներ՝ բիզնես նախագծերի փորձարկման համար

Ծրագրի հաջորդ փուլերում մասնակիցները կընտրեն իրենց հոգեհարազատ բիզնես գաղափարները և «Իննոբիզ»-ի մենթորների օգնությամբ կաշխատեն դրանք կյանքի կոչելու ուղղությամբ: Նախատեսվում է, որ ծրագրի ավարտին մասնակիցները կունենան լիարժեք մշակված բիզնես նախագծեր, որոնցից լավագույնները կստանան աջակցություն իրականացման համար:

ալիձորում տեղի ունեցավ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Թևեր-Բոլորին» ծրագրի պաշտոնական բացումը, որն ուղղված է Տաթև խոշորացված համայնքի զարգացմանը:
ալիձորում տեղի ունեցավ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Թևեր-Բոլորին» ծրագրի պաշտոնական բացումը, որն ուղղված է Տաթև խոշորացված համայնքի զարգացմանը:

Համագործակցող կազմակերպություններ