Ռուբեն Վարդանյանի ապօրինի ազատազրկումը դատապարտելու ԿՈՉ
2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն ...
Չնայած ծանր շրջափակմանը և դժվարին իրավիճակին՝ Արցախում իրականացվում է ամառային ուսումնական ագրոճամբարի ծրագիր, որը նախաձեռնել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը: Ծրագիրն իրականացնում է Climate Uturn-ը:
Հունիսի 12-ից մեկնարկած ագրոճամբարին արդեն շուրջ 50 երեխա է մասնակցել Շոշից, Մխիթարաշենից, Մարտակերտից և Նորագյուղից: Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է ծրագիրն իրականացնել նաև Ճարտարում և Ծովատեղում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ներգրավել 13-17 տարեկան շուրջ 150 երեխա Ստեփանակերտից և Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններից: Ծրագիրը կշարունակիվի մինչև ամառվա վերջ:
Ագրոճամբարի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրի սեփական հողատարածքի մի հատվածում կատարվում են հողի վերականգնման աշխատանքներ, տնկվում են սեզոնային սերմեր, ինչպես նաև մասնակիցները ստանում են գիտելիքներ վերականգնողական գյուղատնտեսության վերաբերյալ: Եթե երեխաները ցանկանում են մշակել իրենց սեփական գյուղատնտեսական նախագիծը, հնարավորություն է ստեղծվում նաև նախագծերի կառավարման հմտությունները զարգացնելու համար: Ճամբարի շրջանակներում երեխաները սովորում են, թե ինչպես կարելի է պայքարել մոլախոտերի դեմ, ինչպես են չոր խոտն ու տերևները օգնում խնայել ջուրը գյուղատնտեսությունում, ինչպես ստանալ առավելագույն բերք՝ ունենալով քիչ հողատարածք, ինչպես կատարել աշխատանքներ հողի հետ էլեկտրականության բացակայության պայմաններում, ինչ է հարկավոր առողջ հող ունենալու համար, ինչպես կարելի է ստանալ մաքուր բերք առանց քիմիկատների, ինչպես ճիշտ պահպանել ստացված բերքը։
«Climate Uturn-ը 4 տարի է, ինչ աշխատում է Հայաստանում, և արդեն մեկ տարի՝ Արցախում: Ծրագրի արցախցի շրջանավարտներից մի քանիսը ճամբարի շրջանակներում աշխատելու հնարավորություն են ստացել և դարձել ճամբարի մարզիչ։ Մենք ուրախությամբ արձագանքեցինք «Մենք ենք մեր սարերը» գործակալության նախաձեռնությանը և ստանձնեցինք ծրագրի իրականացման պատասխանատվությունը, որովհետև շրջափակման այս ծանր պայմաններում շատ կարևոր է առաջին հերթին ապահովել երեխաների զբաղվածությունը, ինչպես նաև նրանց փոխանցել օգտական գիտելիքներ և օգնել հաղթահարել դժվարությունները», — ասում է Climate Uturn-ի ղեկավար Դիանա Բադեյանը:
Ծրագիրը կշարունակվի մինչև ամառվա վերջ, մասնակցության համար կարելի է գրանցվել հետևյալ կայքի միջոցով՝ https://climateuturn.am/agrocamp:
Ագրոճամբարի ծրագիրն անցկացվում է Արցախի շարունակական զարգացման «Ուսուցողական գեղագիտակ» ամառային փառատոնի շրջանակներում, որն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից։
Փառատոնը կազմակերպվում է ամառային ուսումնական ճամբարների սկզբունքով, որոնցից յուրաքանչյուրն ուղղված է կրթական առաջնահերթություններից մեկին:
««Մենք ենք մեր սարերը» գործակալությունը և նրա համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը մեծապես կարևորում են կրթական ծրագրերը: Մենք երկար էինք մտածում, թե ինչպես կազմակերպենք ամառային զարգացման ծրագրերը նման պայմաններում: Ամառային զարգացման փառատոնը նորություն է Արցախի համար, և պետք է ասեմ, որ այս նորարարությունը մեծ ոգևորությամբ է ընդունվում: Մենք փորձել են ընդգրկել կրթական առաջնահերթությունների ողջ շրջանակը՝ սպորտային-մարտավարական մարզումներից մինչև առաջնորդության զարգացում: Շարունակելով զարգանալ և ուժեղանալ՝ մենք ուղերձ ենք հղում ողջ աշխարհին, որ կարելի է ֆիզիկական շրջափակում մտցնել, բայց անհնար է մեզ ստիպել դադարել սովորել: Մենք առաջիկայում ևս շարունակելու ենք շեշտը դնել թիմային կարողությունների զարգացման, տեղական և գլոբալ փոփոխությունների նկատմամբ դիմադրողականության ամրապնդման, համաշխարհային զարգացումներից անմասն չմնալու և համայնքների ինքնաբավության ապահովման վրա», — նշում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կրթական նախաձեռնությունների ղեկավար Սոնա Հովհաննիսյանը։