Շրջափակման հետեւանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1.9 մլն ԱՄՆ դոլար. զեկույց
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մեծ վնասներ է պատճառում Արցախի Հանրապետության տնտեսությանը: Ընդհանուր ...
Արցախից բռնի տեղահանված և Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքում բնակություն հաստատած շուրջ 50 ընտանիք դարձել են «Մենք ենք մեր սարերը» գործակալության «Առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքներ արցախցիների համար» ծրագրի շահառու:
Ծրագրի շրջանակում նրանց տրվել է 100.000-300.000 դրամ գումարի նվեր-քարտեր (կախված ընտանիքի անդամների թվից), որով ընտանիքները կարող են կենցաղային ապրանքներ ձեռք բերել:
Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած քաղաքացիներից շատերն արագ տեղահանման պատճառով չեն հասցրել գրեթե ոչինչ տեղափոխել իրենց հետ, ուստի ստիպված են կենցաղային բազմաթիվ դժվարություններ հաղթահարել իրենց ժամանակավոր բնակության վայրերում: Հաշվի առնելով այս իրողությունը և նպատակ ուենալով մեղմել արցախցի ընտանիքների խնդիրները՝ «Մենք ենք մեր սարերը», իր նվիրատուների աջակցությամբ, նախաձեռնել է այս ծրագիրը:
Օրերս գործակալության ներկայացուցիչներն այցելել են Տաթև խոշորացված համայնքի բոլոր յոթ բնակավայրերում տեղեկայված արցախցի ընտանիքներին և նրանց տրամադրել նվեր-քարտերը:
«Ծրագրի շահառուների հետ շփվելով տեսանք, թե որքան կարևոր նշանակություն ունի նրանց համար այս աջակցությունը: Սա գործակալության փոքր, բայց շատ կոնկրետ խնդիր լուծող ծրագրերից է: Մարդիկ Արցախում են թողել իրենց ողջ ունեցվածքը եւ բազմաթիվ կենցաղային խնդիրների հետ են բախվում ամեն օր: Մենք ուրախ ենք գոնե ինչ-որ չափով թեթևացնել նրանց հոգսերը, և ամեն ինչ անելու ենք՝ շարունակելու Ռուբեն Վարդանյանի սկսած գործը»,-ասում է գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը:
Տաթեւ խոշորացված համայնքում ապաստանած արցախցի երեխաներին նաև ամանորյա նվերներ են մատուցվել՝ հաշվի առնելով, որ տեղահանության հետեւանքով նրանք Արցախում են թողել իրենց տոնածառերը, խաղալիքներն ու գրքերը:
«Երեխաները ստիպված են եղել իրենց աչքերով տեսնել ու զգալ բռնի տեղահանման ողջ դաժանությունն ու դժվարությունները: Մենք փորձում ենք մեր ծրագրերի միջոցով օգնել, որպեսզի նրանք կարողանան վերականգնվել և անհոգ մանկություն վերադառնալ: Դա «Մենք ենք մեր սարերը» գործակալության առաջնահերթություններից է, եւ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր ծրագրերը նաեւ 2024-ին: Եվ մեր կոչն ու հորդորն է բոլորին՝ միավորել ջանքերը եւ ամեն ինչ անել, որպեսզի մեր երեխաների դեմքին նորից ժպիտը թեւածի»,-նշում է գործակալության ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը: