Գյումրիում ամփոփվեց «Թևեր» վերականգնողական ծրագրի պիլոտային փուլը
Նոյեմբերի 9-ին ամփոփվեց «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Թևեր-Գյումրի» ծրագրի պիլոտային ...
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը և «Սատար Արցախին» միությունը հուլիսի 15-ին ստորագրել են հուշագիր, որով կողմերը պայմանավորվում են սերտորեն համագործակցել Արցախից բռնի տեղահանված բնակչության պահպանման, նրա մշակութային ինքնության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության տարածքում արցախահայության կայուն ինտեգրման շուրջ: Կազմակերպությունները համատեղ բարեգործական ծրագրեր կիրականացնեն՝ ուղղված արցախահայության աջակցությանը, նրանց կարիքների բավարարմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը:
Հուշագիրն ստորագրել են «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը և Ֆրանսիայում գործող «Սատար Արցախին» միության նախագահ Նելլի Սերկիսյանը։
«Անչափ ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունեցանք համագործակցություն հաստատել «Սատար Արցախին» միության հետ։ Հավատում եմ, որ մեր համագործակցությունը արդյունավետ կլինի, քանի որ և’ մեր, և’ «Սատար Արցախին» միության առաքելությունն է՝ օգնել արցախահայությանն այս դժվարին իրավիճակում: Մեր կազմակերպությունը հիմնվել է բարերար Ռուբեն Վարդանյանի կողմից և շրջափակման ժամանակ կենսական նշանակության մի շարք ծրագրեր է իրականացրել Արցախում: Ուրախ ենք, որ շարունակում ենք նրա գործը»,- նշեց Գրիգորի Մարտիրոսյանը։
«Մեզ համար շատ կարևոր է այս բարդ փուլում սատար կանգնել արցախահայությանը և նրանց կողքին լինել, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել բռնի տեղահանության հետևանքով առաջացած խնդիրները: Այս համագործակցության շրջանակում մենք մեր ջանքերը կհամատեղենք՝ իրականացնելու անհրաժեշտ և օգտակար մի շարք ծրագրեր՝ հաշվի առնելով մեր հայրենակիցների կարիքները»,- ընդգծեց Նելլի Սերկիսյանը։
Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ կազմակերպությունների միջև առաջին մեծ համագործակցությունը նախատեսվում է «Թևեր» վերականգնողական ծրագրի շրջանակում։