Պայքարել նշանակում է ամրապնդել մեր ուժեղ կողմերը, դրանք առավելություն դարձնել ու կարողանալ ճիշտ օգտագործել. Ռուբեն Վարդանյան
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Արցախի ...

Անի Նահապետյանը Տաթև համայնքի Սվարանց բնակավայրից է։ Նրա համար «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Թևեր՝ բոլորին» ծրագիրը պարզապես հերթական դասընթաց չէր․ այն իր գաղափարն իրականություն դարձնելու հնարավորություն էր։
«Երբ իմացա ծրագրի մասին և հասկացա, որ պետք է սովորենք դրամաշնորհային ծրագրեր գրել, ոգևորությունս չափազանց մեծ էր», — պատմում է Անին։
Ոգևորությունն այնքան մեծ էր, որ նա մի քանի օրում տեսադասընթացները յուրացնելուց և առաջադրանքները կատարելուց հետո՝ ժամանակից շուտ ավարտեց ծրագիրը և ստացավ հավաստագիրը։
Անիի նպատակը հստակ էր․ Սվարանցում իր ուժերով վերանորոգվող տարածքը դարձնել հյուրատուն և դրա համար ձեռք բերել անհրաժեշտ կահույք։ «Թևեր՝ բոլորին» ծրագրի շրջանակում նա դիմեց դրամաշնորհի՝ արդեն հստակ մշակված գաղափարով և հիմնավորված բիզնես տրամաբանությամբ։
Ծրագրի կարևոր արժեքներից մեկը, ինչպես նշում է Անին, գործնական գիտելիքներն էին․
«Ես մասնակցել եմ նաև այլ դրամաշնորհային ծրագրերի, բայց հենց այստեղ սովորեցի իրականում աշխատող ֆինանսական մոդել կազմել, բիզնես պլան գրել, ճիշտ ձևակերպել գաղափարս և հասկանալ հաճախորդի սեգմենտը»։
Այս գիտելիքների և հետևողական աշխատանքի արդյունքում Անիի նախագիծն արժանացավ«Թևեր՝ բոլորին» ծրագրի շրջանակում Արարատբանկի ֆինանսավորած դրամաշնորհին։
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության համար կարևոր է ոչ միայն դրամաշնորհ տրամադրելը, այլև կարողությունների ձևավորումը։ Անի Նահապետյանն այսօր վստահ ասում է, որ պատրաստ է իր գիտելիքներով աջակցել նաև համայնքի մյուս բնակիչներին, ովքեր ցանկանում են անցնել նույն ճանապարհը։
Իր բիզնեսն ապագայում նա տեսնում է հստակ պատկերով․ զարգացած Սվարանց, որը՝ Տաթևից ընդամենը 3 կմ հեռավորության վրա լինելով, կարող է դառնալ տուրիստական կենտրոն Սյունիք այցելողների համար։
«Ես ուզում եմ, որ իմ գյուղն էլ ունենա Տաթևի ակտիվ կյանքը, և ամեն ինչ կանեմ այդ նպատակին հասնելու համար», — ասում է նա։
Ծրագրի 4 շահառուների դրամաշնորհները տրամադրվել են Արարատբանկի ֆինանսական աջակցությամբ՝ հնարավորություն տալով համայնքներում գաղափարները վերածել զարգացման հստակ քայլերի։
«Թևեր՝ բոլորին» ծրագիրն իրականացվել է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացնում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը՝ Իննոբիզ ՀԿ-ի և Տաթև համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ։