Առաջնորդությունը շարունակվում է. Leaders2Leaders ծրագրի հաջողությունը

Առաջնորդությունը շարունակվում է. Leaders2Leaders ծրագրի հաջողությունը

Leaders2Leaders ծրագրի 25 մասնակիցներ ստացան հավաստագրեր։

«Leaders2Leaders»-ը շարունակական զարգացման ծրագիր է՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանված ապագա առաջնորդների համար։

Դեռևս Արցախի շրջափակման օրերին, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը և «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը նախաձեռնեցին և իրականացրեցին «Առաջնորդում և մոտիվացիա» ծրագրը՝ նախատեսված Արցախի Հանրապետության հանրային և մասնավոր ոլորտների առաջնորդների համար։ Ծրագիրը շարունակվեց անգամ Արցախի շրջափակման պայմաններում՝ առցանց եղանակով։

Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքից բռնի տեղահանումից հետո, «Մենք ենք մեր սարերը» գործակալության նախաձեռնությամբ, համագործակցող փորձագետների, ինչպես նաև «Մատենա» միջազգային դպրոցի, Հայաստանում Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների հայ շրջանավարտների համատեղ ջանքերով, ծրագիրը շարունակվեց արդեն Հայաստանում և ստացավ Leaders2Leaders անվանումը։

«Այս ծրագիրը լիովին համապատասխանում է Ռուբեն Վարդանյանի մոտեցումներին, տեսլականին։ Հատկապես հիմա, երբ Ռուբենը Բաքվում գերության մեջ է, մեզ համար կարևոր է պահել այդ ծրագրի ոգին և զարգացնել այն։ Համոզված եմ, որ ծրագրին մասնակցությունը ձեզ տվել է նոր գիտելիքներ, ինչու չէ, նաև վստահություն և նոր հասարակական հարաբերություններում ձեր դերը գտնելու կարողություն», -շահառուներին դիմելով նշեց «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը։

Ծրագրի մոդուլների ընթացքում ապագա առաջնորդները մասնագետների օգնությամբ զարգացնում են  իրենց առաջնորդության որակներն ու մասնագիտական կարողությունները, ձեռք բերում փափուկ հմտություններ, փորձում վերականգնվել հոգեբանական աջակցության միջոցով, ինչպես նաև ստանում Հայաստանում առաջատար մասնագետների և գործատուների հետ կապեր ստեղծելու հնարավորություն։

«Տեղահանվելուց հետո, երբ ընդունվեցի աշխատանքի և նշանակվեցի ղեկավար պաշտոնում, առաջին 6 ամիսն անընդհատ մտածում էի, որ չեմ կարողանա արդարացնել, պիտի թողնեմ աշխատանքս: Ինքնավստահությունս շատ ցածր էր, սակայն այս դասընթացների շնորհիվ նախ հոգեբանական խնդիրներս հաղթահարեցի, հետո ձեռք բերեցի ինքնավստահություն։ Այսօր արդեն հաջողություններ ունեմ աշխատանքում», -խոստովանում է ծրագրի մասնակից Կրիստինա Սարգսյանը։

«Բացի հմտություններ և կարողություններ ձեռք բերելուց, մենք հասկացանք, որ մեծ թիմ ենք։ Ես զգում եմ, որ այս ծրագիրն այն պատվանդանն է, որը մեզ թույլ կտա մեծ գործեր անել, թռիչք կատարել։ Կցանկանայի,որ այն շարունակական լիներ», —ասում է ծրագրի մասնակից Ամալյա Գրիգորյանը։

Ծրագրի համակարգող, Կրթական նախաձեռնությունների և մարդկային կապիտալի զարգացման ղեկավար Սոնա Հովհաննիսյանը վստահեցրեց, որ գործակալությունը կընդառաջի ծրագրի շահառուների ցանկությանը և կշարունակի ծրագիրը նոր մոդուլներով և ավելի հավակնոտ ծրագրերով ։

Դուք ևս կարող եք աջակցել ծրագրին։

Համագործակցող կազմակերպություններ