Ուխտագնացություն Տաթևի վանք` ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և հայ գերիների
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ և մեկ տասնյակ կազմակերպությունների ...
Նոյեմբերի 9-ին ամփոփվեց «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Թևեր-Գյումրի» ծրագրի պիլոտային փուլը՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանված երեխաների ու նրանց ծնողների համար։
Գյումրիում ապաստանած 4-18 տարեկան 29 երեխա և 22 ծնող երեք ամիս շարունակ մասնակցել են ծրագրին` բարելավելով իրենց հոգեբանական ու ֆիզիկական վիճակը, ձեռք բերելով նոր հմտություններ ու կարողություններ, ինչպես նաև՝ նոր կապեր գյումրեցի իրենց հասակակից ների հետ։ Ծրագրի առանձնահատկություններից է նաև ծնողների ակտիվ ներգրավվածությունը։
«Մենք իսկապես շատ ծանր հոգեբանական վիճակում էինք ու այս ծրագիրն իրոք մտերմացրեց մեզ, ինտեգրեց Գյումրիի կոլորիտին։ «Թևեր»-ը ոչ միայն գրկաբաց ընդունեց մեզ, այլև արեց այն, ինչի կարիքը մենք զգում էինք այդ օրերին։ Ինչ-որ չափով հաղթահարեցիք մեզ պատուհասած դժվարությունները։ Զգացինք, որ միայնակ չենք, որ մեզ սպասում են, մեզ սիրում են։ Հուսով եմ, դեռ միասին կլինենք», -ասաց ծրագրի շահառու ծնող Երանուհի Խաչատրյանը։
«Թևեր» համալիր վերականգնողական ծրագիրը Գյումրիում կյանքի է կոչվում «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ, Կրթության խթանման «Դար» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ և Զբոսաշրջության եվ քաղաքաշինության հիմնադրամի (ТUF) մասնակցությամբ։
Գյումրիում ծրագրի համակարգող Էմմա Բաղդասարյանը, ամփոփելով ծրագրի պիլոտային փուլը, այն արդյունավետ է գնահատում հատկապես մասնակիցների՝ Գյումրիի համայնքային կյանքին ինտեգրման առումով։
«Արդյունքները, որոնք հիմա ունենք, բավականին գոհացուցիչ են նախնական տվյալների համեմատ, քանի որ երեխաներն արդեն կաշկանդվածություն չունեն, նրանք շատ ավելի ինտենսիվ ներգրավվում են համայնքային միջոցառումներին։ Նաև մեր՝ ճիշտ ձևավորած գործընկերային շղթայի արդյունքում երեխաներից շատերը արդեն հաճախում են համայնքապատկան ենթակառուցվածքներ, սպորտի դպրոցներ, երաժշտական դպրոցներ, նկարչական դպրոցներ»։
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնоրեն Գրիգորի Մարտիրոսյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց Գյումրիում «Թևեր» ծրագրի պիլոտային փուլը հաջողությամբ ավարտելու առթիվ և հայտարարեց, որ «Սատար Արցախին» միության և Կրթության խթանման «Դար» բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ նախագիծը կշարունակվի ոչ միայն Դիլիջանում և Գյումրիում, այլև առաջիկայում այն կմեկնարկի նաև Տաթևում։
«Թևեր-Գյումրի» ամփոփիչ միջոցառումը եզրափակվեց Գյումրու պատմության թանգարան այցով, որտեղ մասնակիցները ծանոթացան քաղաքի հարուստ պատմությանն ու մշակույթին։